Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից՝ Երևան քաղաքում վերջինիս կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար։
Համաձայն հաղորդագրության՝ Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։
ԱԻՊԾ-ն ընդգծում է՝ Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը «ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը»։
«Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից», - ասված է հաղորդագրությունում։