Մատչելիության հղումներ

Նկարիչների միության ցուցասրահում բացվել է Լեմս Ներսիսյանի «Էրգիր Ավետյաց» խորագրով անհատական ցուցահանդեսը


Ավանդաբար յուրաքանչյուր տարի Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված մշակութային զանազան ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում, և ահա օրերս Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ Նկարիչների միությունում բացվել է անվանի գեղանկարիչ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի անհատական ցուցահանդեսը՝ «Էրգիր Ավետյաց» խորագրի ներքո:

Ցուցահանդեսում Լեմս Ներսիսյանի ստեղծագործություններին զուգահեռ ներկայացված են նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության արձագանքերն ու գնահատականները ժամանակի օտարերկրյա հասարակական, քաղաքական, մշակութային նշանավոր գործիչների կողմից, ովքեր խստորեն դատապարտում են հայերի բնաջնջումը Օսմանյան Թուրքիայի տարածքում:

Հարկ է նշել, որ ցուցահանդեսում ներկայացված 106 գեղանկարչական աշխատանքները, որոնք ստեղծվել են հենց Արևմտյան Հայաստանում և արված են իմպրեսիոնիստական ոճով, չափազանց պայծառ ու լուսավոր տպավորություն են թողնում, բոլորովին հեռու են ողբասացությունից:

75-ամյա գեղանկրաչի խոսքով, պետք է նոր հայացքով, նոր խոսքով ներկայացնել սերնդեսերունդ պահպանվող պատմական հիշողությունը հայ ժողովրդի ողբերգության մասին:

Հեղինակի խոսքով, ցուցահանդեսի խորհուրդը հետևյալն է․ - «Ծանոթացնել մեր հասարակությանը վիզուալ արվեստով, կերպարվեստի միջոցներով Մեծ Եղեռնի արհավիրքների մասին։ Ես մտադրված եմ կոչ անել, որ բոլոր մասնագետ մարդիկ՝ երաժիշտները, դերասանները, գրողները, բանաստեղծները և ընդհանրապես արվեստով զբաղվող մարդիկ անպայման իրենց հնարավորություններն ու պայմանները ներդնեն, որպեսզի կարողանանք մենք նոր տեսանկյունից մատուցել Եղեռնի ողբերգությունը, և հասարակությունը ոչ միայն պատմաբանների, իրավաբանների միջոցով ծանոթանա դրա հետ, այլև վիզուալ ձևով ծանոթանա էն վայրի հետ, որտեղ տեղի են ունեցել նման ահավոր դեպքեր»։

Անդրադառնալով բուն ցուցադրությանը՝ Ներսիսյանն ասաց․ - «Ես գնացել եմ 2004-ին և 2007-ին Արևմտյան Հայաստան, Անիից մինչև Կիլիկա։ Ամբողջ աշխատանքը տեղում է արված, բոլորը պլեներային աշխատանքներ են։ Արարատ չկարողացա բարձրանալ, բայց ոչինչ։ Չգիտեմ ինչու, ես հույս ունեմ, որ էն հողի վրա, որտեղ ես ոտք եմ դրել և նկարել եմ, դա մերն էր։ Անի եմ ոտք դրել, ես մտածեցի Գյումրին է․․․ Կոչ կանեի չմոռանալ։ Չմոռանալ այդ եղեռնագործությունը և բոլոր միջոցներով համայն մարդկությանը տեղյակ պահել այդ ոճրագործության մասին»։

Լեմս Ներսիսյանի Արևմտյան Հայաստանի գեղեցիկ բնապատկերը, վառվռուն ծաղիկներով լեցուն դաշտերն ու ձորակները, քչքչուն գետակներն ու հինավուրց կամուրջները պատկերող Լեմս Ներսիսյանի 106 ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև ապրիլի 25-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG