Հայաստանի պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և Գլխավոր շտապի ղեկավար կազմն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, հաղորդում է ՊՆ-ն:
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ԶՈՒ ԳՇ պետի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին: Բարձր գնահատելով նրա մասնագիտական գիտելիքները, փորձն ու ծառայողական ուղին զինված ուժերում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արշակ Կարապետյանին կարևոր այս պաշտոնում մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություններ:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով ապրիլյան դեպքերից հետո պաշտոնանկ արված եզակի պաշտոնյաներից էր։
ՊՆ-ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները, բանակի մարտունակության ու կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները և այդ ուղղությամբ զորամասերում տարվող աշխատանքների արդյունքները:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ավարտից հետո անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, զինծառայողների արձակուրդների տրամադրման գործընթացին, զորամասերում առօրյա ծառայության կազմակերպանն ու առաջնագծում մարտական հերթապահության անվտանգային միջոցառումներին առնչվող տարաբնույթ հարցերի: