Մատչելիության հղումներ

Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում մեկնարկել է նոր՝ «Բարեկամություն» կամրջի շինարարությունը


Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա «Բարեկամություն» անվամբ նոր կամրջի շինարարության մեկնարկը, տեղկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը՝ նշելով, որ կայացել է‚ կամրջի կառուցման աշխատանքները համակարգող հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստն՝ առցանց ձևաչափով։

Ըստ հաղորդագրության՝ նիստին հայկական կողմից մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների‚ Էկոնոմիկայի‚ Արտաքին գործերի‚ Շրջակա միջավայրի նախարարությունների‚ ԱԱԾ-ի‚ Պետական եկամուտների կոմիտեի‚ Քաղաքաշինության կոմիտեի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։

Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ‚ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ասել է, որ նոր կամրջի շինարարությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է և երկու երկրները պետք է անեն առավելագույնը՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար։

Ղալեչյանը հատուկ նշել է կամրջի կառուցման ընթացքում որակի ապահովումն ու միջազգային չափանիշներին համապատասխան շինարարության իրականացումը։ Նա նաև բարձր է գնահատել վրացական կառավարության ջանքերը նոր կամրջի կառուցման հարցում։

Վրացական կողմն, ըստ նախարարության, նույնպես կարևորել է «Բարեկամություն» կամրջի կառուցման ծրագիրը՝ երկու երկրների միջև հարմարավետ‚ անվտանգ սահմանահատման տեսանկյունից։

Կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանի խոսքով՝ կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Կամուրջն ունենալու է 386 մ երկարություն‚ ճանապարհի լայնությունը՝ 8.35մ։ Յուրաքանչյուր կամրջի թռիչքային կառուցվածքի ընդհանուր լայնությունը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Կողմերը հաստատել են նախագծային փաստաթղթերը‚ շինարարության համար անհրաժեշտ անձնակազմի, ապրանքների և տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք շինարարական գոտի պետք է մուտք գործեն պարզեցված ընթացակարգով։

Նախարարությունը հիշեցնում է, որ «Բարեկամություն» կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG