Մատչելիության հղումներ

«Չէի պատկերացնում, որ այս դահլիճը կծափահարեր պարտությանը», - ընդդիմադիր պատգամավորները քննադատում են իշխանությանը


Ազգային ժողովի նիստ, 14-ը ապրիլի, 2021թ.
Ազգային ժողովի նիստ, 14-ը ապրիլի, 2021թ.

Ազգային ժողովի իշխանական պատգամավորները երեկվա ծափերը փոխարինեցին ծիծաղով, երբ ԱԺ ամբիոնից «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանը քննադատեց նրանց երեկվա վարքը։

Երեկ կառավարության 2020 թվականի կատարողականի ժամանակ վարչապետ Փաշինյանը որպես հիմնական զեկուցող ծավալուն ելույթով ունեցավ, որն իշխանական պատգամավորները համեմեցին հոտնկայս ծափահարություններով։ Այսօր զեկույցի քննարկման շարունակությանը ընդդիմադիր պատգամավորները իրենց ելույթներում քննադատեցին իշխանական գործընկերների այդ քայլը, սա ԱԺ-ում լեզվակռիվ առիթ դարձավ:

«Այո, ես էլ եմ ուզում այսօր խոսել Հայաստանի Հանրապետության ապագայից, բայց ի տարբերություն ձեզ, ես, օրինակ, Հայաստանի Հանրապետության ապագան երեք տարի առաջ լրիվ ուրիշ կերպ էի պատկերացնում, երեք տարի առաջ ես կյանքում չէի պատկերացնում, որ այս դահլիճը կծափահարեր պարտությանը, ստորացմանը և ինքնաոչնչացմանը, ինչը դուք արեցիք: Դուք այդ ապագայում չկաք, Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի երկու ապագա. մեկը՝ ձեզ հետ, որը կարճաժամկետ է ու որևիցե տեղ չի տանում, երկրորդը՝ առանց ձեզ, որը լուսավոր է, այո, հենց դա է ապագան», - ասաց Կարեն Սիմոնյանը:

Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը, ով կարծում է, որ իրենց քննադատել են Հայաստանի ու Արցախի ապագային ծափահարելու համար, հայտարարեց, որ նորից նույնը կաներ. «Այո, ես ծափահարել և ծափահարելու եմ բոլոր այն դեպքերում, երբ խոսում են մեր երկրի հրաշալի ապագայի մասին, երբ խոսում են մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքն ուղղելու և առաջ գնալու մասին»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոյանը առանձնացրել էր Փաշինյանի ելույթի այն հատվածը, որտեղ վարչապետը ասել էր՝ պետական որևէ ինստիտուտ իրեն չի զեկուցել պատերազմի հավանականության մասին և դա թուլացրեր էր զգոնությունը։ Սիմոնյանը զարմացածը՝ ինչպես կարող է ինքը, ընկերական շրջապատից ստացած ինֆորացիայի վերլուծության արդյունքում հստակ կանխատեսել պատերազմն ու դրա ժամկետները, իսկ պետական ապարատը՝ ոչ։

«Ինչո՞վ էր զբաղված պետական ապարատն այդ ընթացքում, բացառենք դիվանագիտական կորպուսի նվիրյալ այն աշխատակիցներին, ովքեր որ գիշեր-ցերեկ, օրը 24 ժամ աշխատում են, մնացած հատվածն ինչո՞վ էր զբաղված», - նշեց Տարոն Սիմոնյանը:

«Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովամսյանը ասում է՝ պատերազմից 5 ամիս անց էլ ինքը չի տեսնում այն գործողությունները, որոնք ուղղված են պետության մեջքը ուղղելուն։ Որպես օրինակ մատնանշում է Զինված ուժերի վիճակը. «Մենք չունենք կահավորված խրամատներ, մենք չունենք կահավորված առաջնագիծ»:

Որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադարձավ երեկ ԱԺ ամբիոնից Փաշինյանի կողմից ներկայացված այն դրվագներին, որոնցից ակնհայտ էր դառնում, որ նախկին բոլոր իշխանություններն էլ բանակցել են ու պատրաստ են եղել այսպես կոչված ցավոտ փոխզիջումներին։

«Մեզ տարիներ շարունակ թվացել է, որ մենք կասենք՝ այո, պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, պատրաստ ենք 7, 5+2, 3+4, 6+1 այս տարածքները հանձնել, բայց դե գերտերությունները համաձայնության չեն գա և մենք հերթական անգամ կկարողանանք պլստալ», - ընդգծեց պատգամավորը:

Բաբաջանյանը խոսեց նաև այս պատերազմում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դերի մասին. «Ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը և Թուրքիան հնարավորություն ստացան հարձակվել Արցախի վրա, ինչո՞ւ Ռուսաստանը չկարողացավ կանխել այդ պատերազմը»:

Բաբաջանյանը հարկ համարեց խոսել նաև նախորդ տարի իշխանության ունեցած, իր բնորոշմամբ, ևս մեկ խոշոր տապալման մասին, այն է իրավական քաղաքականության տապալումը, որի գլխավոր ապացույցը, ըստ Բաբաջանյանի, գործող Սահմանադրական դատարանն է։

«Այն տխրահռչակ ամբողջ արարը այս դահլիճում, որը պսակվեց հայտնի, արտահայտվեց հայտնի որոշմամբ, ուղղակի վկայությունն է, որ մենք հիմնարար պատկերացումների, ընկալումների բացակայության հետ գործ ունենք», - նշեց նա:

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկումը ԱԺ-ում կշարունակվի նաև վաղը։

XS
SM
MD
LG