Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ):
Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուս զինծառայողները ՊՆ ԿԿԶՀ-ում բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր:
Մեքենայի վարորդը հայտնաբերվել է և բերման են ենթարկվել ոստիկանության, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
«Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։ Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04.30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին», - ասված է հաղորդագրությունում։
Կատարվում է նախքննություն։