«Հույս ունեմ՝ առաջիկայում մենք չենք ամաչի, որ խաղաղություն ենք ուզում, և Հայաստանում գործընթացները տեղի կունենան հանուն խաղաղության», - ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։
Իրավապաշտպանի գնահատմամբ, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ չեն ուզում պատերազմ, բայց միաժամանակ վախենում են խոսել այդ մասին՝ դավաճան ու ոչ հայրենասեր չերևալու համար։
Ստացվում է, որ այսօր, հատկապես ընտրություններից առաջ, հիմնականում խոսում են պատերազմի ու կորցրածը հետ բերելու մասին։
«Ես, օրինակ, ինձ շատ վատ եմ զգում, երբ ինչ-որ մեկը՝ պահանջատեր, կամ ռևանշիստ դեմքով, Շուշի հետ բերելու մասին է խոսում։ Ես անընդհատ մտածում եմ այն մայրերի մասին, ովքեր նոր-նոր իրենց էրեխեքին մեծացնում են, ու ինչ-որ մեկը դրա վրա խաղադրույք է անում, ինչ-որ մեկն իրենց էրեխու հաշվին նախընտրական խոստումներ է տալիս», - ասաց Գրիգորյանը։
Հարևան երկրների հետ խաղաղասիրական մի շարք ծրագրեր իրականացրած կազմակերպության ներկայացուցիչը մտավախություն ունի, որ առաջիկայում հասարակության խաղաղության ձգտող մեծամասնությունն ինտենսիվ կարտագաղթի Հայաստանից։
Ըստ իրավապաշտպանի՝ վտանգավոր միտումներ կան, որ ընտրությունների ժամանակ պատերազմի ու ագրեսիայի վրա հիմնված պոպուլիստական քարոզչությունը կարող է առաջին պլան մղվել։ Ընդ որում այսօր չեն արժևորվում մարդու իրավունքները։ Բոլորը կարծում են, որ սեփական իրավունքների մասին խոսելու ժամանակը չէ, քանի որ երկիրը վտանգի մեջ է, ասում է Գրիգորյանը։
«Ընդհանուր առմամբ մեր դաստիարակությունն է երևի մարդկային, որ մեր անձը միշտ երկրորդական դասենք ընդհանուր հանրային շահին, ու այստեղ ընդհանուր հանրային շահ է ներկայացվում ապագա պատերազմը, երբ որ իրականում ընդհանուր հանրային շահը բարեկեցությունն է, քաղաքացիների ու երեխաների անվտանգությունը, խաղաղությունը։ Ամեն դեպքում մենք չենք կարող մի ամբողջ երկիր «Եռաբլուր» ունենանք», - ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը։
Իրավապաշտպանի գնահատմամբ, սա չի կարող լավ բանի բերել։ Եթե Հայաստանը շարունակի պատրաստվել պատերազմի ու դա դարձնի հիմնական քննարկման առարկա, կստացվի, որ էլի ցանկացած ձախողում՝ լինի, տնտեսական, քաղաքական, թե մարդու իրավունքների տեսանկյունից, կարելի է արդարացել, նշելով, որ պատերազմի ենք պատրաստվում։ Այս կերպ մի քանի տասնամյակ ապրել են Ադրբեջանում առաջին ղարաբաղյան պատերազմից հետո, շեշտում է Գրիգորյանը։
«Այսինքն՝ կգանք այն նույն իրավիճակին, ինչ-որ Ադրբեջանն էր նախորդ պատերազմից հետո, երբ որ ժողովրդի բոլոր զրկանքներն արդարացնում էին նրանով, որ իրենք պատրաստվում են Ղարաբաղ հետ բերեն, ինձ թվում է դա նաև դրա նշան է, որ իրենց մոտ էս պահին ինքնության ճգնաժամ է, այսինքն՝ հաղթանակն եղավ ու իրենք չեն կարողանում հարմարվել դրա հետ ու առաջ անցնել։ Երեկվա բացված ցուցահանդեսն ահավոր ցուցահանդես է և ինձ թվում է դրա ապացույցն է, երբ որ մարդն ուղղակի չի ընկալում, թե ինչ է նշանակում հաղթանակ, ինչ է նշանակում, որ դու կարաս էս թեման փակված համարես, իրան պետք է շարունակել սնել իր ազգին ատելությամբ ու շարունակել սնել այդ կերպարով, որովհետև հանկարծ էդ ազգը կնկատի, թե ինքն ով է», - նշեց Վարդինե Գրիգորյանը։
Խոսելով Հայաստանում խաղաղասիրության միտումներից՝ իրավապաշտպանը միևնույն ժամանակ հույսեր չի կապում բռնապետական Ադրբեջանի հետ, թե այնտեղ կարող են մերժել պատերազմն ու խաղաղության ձգտող գործողությունների գնալ։
«Ստացվում է, որ իրանց հետ կապված միակ հույսն այն է, որ ինչ-որ պահի իրենց համար տնտեսապես ավելի ձեռնտու լինի խաղաղությունը, քան՝ պատերազմը», - ամփոփում է Գրիգորյանը։