Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ իշխանական «Իմ քայլի» առաջադրած թեկնածու Լևոն Բունիաթյանին չընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում: Նրա թեկնածությանը կողմ էր միայն 13 պատգամավոր, դեմ էին քվեարկել 36-ը, անվավեր էր ճանաչվել 3 քվեաթերթիկ։ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին ընդամենը 32 -ը։
«Իմ քայլից» դեռ չեն մեկնաբանում` ինչպե՞ս ստացվեց, որ չընտրեցին իրենց իսկ առաջադրած թեկնածուին։ Չեն մանրամասնում նաև, թե ով էր միջնորդել Բունիաթյանին այս պաշտոնում նշանակելու համար։
Նրան այսօր խորհրդարանին ներկայացրեց Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը. «Աշխատել է հիմնականում մասնավոր հատվածում, հետո մի որոշակի փուլի արդեն սեփական ընկերություն է հիմնել, վերջին աշխատանքն 2019 թվականի հուլիսից մինչ օրս աշխատել է «Էներջի գրուպ» ընկերությունում որպես տեխնիկական տնօրեն»:
Բունիաթյանի թեկնածության հետ կապված վերապահումներ ունեին թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական որոշ պատգամավորներ, ասում էին` կամային ու մասնագիտական ուժեղ հատկանիշներ են անհրաժեշտ «Գազպրոմի», ՀԷՑ-ի, «Վեոլիայի» և այլ խոշոր ընկերություններին որպես հանձնաժողովի անդամ դիմակայելու համար:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մատնանշեց թեկնածուի կենսագրության հետ կապված, իր գնահատմամբ, մտահոգիչ դրվագներ ու խորհուրդ տվեց նրան ինքնաբացարկ հայտնել. «Ինչո՞ւ հենց 2016 թվականին Դուք դադարեցրիք համագործակցությունը հիմնարկի նոր ղեկավարության հետ»:
«Մոռացա Ձեր այն մյուս հարցը, եթե կարելի է, խնդրեմ, կրկնեք», - ասաց Բունիաթյանը:
Պատգամավորը կրկնեց. «Ինչո՞ւ եք դադարեցրել Ձեր համագործակցությունը ղեկավարության հետ: Ես անկեղծորեն շատ պիտի ուզեի, որպեսզի այս անպատրաստ վիճակը, սա իսկապես անարգանք է Ազգային ժողովի նկատմամբ, և «Իմ քայլը» խմբակցության վերաբերմունքը կոնկրետ այս թեկնածունին ներկայացնելն ուղղակի անթույլատրելի է: Ես ուղղակի առաջարկում եմ, որպեսզի Ձեր թեկնածությունը հանեք և ուղղակի գնաք, Ձեր մասնավոր գործով զբաղվեք, որովհետև անկեղծորեն չեմ հավատում, որ Դուք այնքան կամք ունեք, որ կարողանաք մեծ, խոշոր ընկերությունների` «Գազպրոմի», ՀԷՑ-ի և, չգիտեմ, «Վեոլիա» ընկերության շահը ստորադասել հանրային շահին, մեր երկրի իրական կարիքներին: Սա ուղղակի անթույլատրելի վերաբերմունք է: Կարող եք չպատասխանել ուղղակի»:
«Այդպես էլ պատրաստվում էի, շնորհակալություն», - եղավ արձագանքը:
Որևէ խմբակցութունում չընդգրկված պատգամավորների հետ Բունիաթյանը հանդիպում չէր ունեցել։ Նրան, սակայն, ամենաշատ հարցերը հենց այդ պատգամավորներն ունեին։ Սերգեյ Բագրատյանը, օրինակ, Բունիաթյանին խնդրեց փոքրիկ վարժության միջոցով ցույց տալ, որ ՀԷՑ-ում ավելորդ ծախսեր չեն արվում. «Բնական մոնոպոլիան մեծ է բոլոր ընկերությունների մոտ, ծախսադրումների ծավալը մեծացնում են, որն ի վերջո ազդում է սակագների բարձրացման վրա»:
«Արդեն բավականին ժամանակ է` այնտեղ չեմ աշխատում, և իրենց ներկայացրած ծախսերին այստեղից հիմա մեկնաբանել, որ այո, ճիշտ է, թե սխալ է, ինչպես Դուք նշեցիք, ավելի են ներկայացրել, սխալ կլինի իմ կողմից», - պատասխանեց թեկնածուն:
Արևային էլեկտրակայանների, շուկայի ազատականացման, էներգետիկ համակարգում մինչև 2030 թվի ռազմավարական ծրագրի և մի շարք այլ հարցերին ի պատասխան` Բունիաթյանը հայտարարեց, որ դրանց կանդրադառնա պաշտոնը ստանձնելուց և այդ հարցերն ուսումնասիրելուց հետո. «Ձեր ասած մինչև 2030 թվականի մարտավարությանը ծանոթ չեմ, քանի որ չի եղել, որ առնչվեմ, կառնչվեմ ընտրվելուց հետո, և իմ այդ դիրքորոշումը` կետերի հետ կապված կտեղեկացնեմ»:
Այսօրինակ պատասխանները դուր չեկան պատգամավորներին, ինչի մասին վերջիններս հայտնեցին արդեն իրենց ելույթների ժամանակ:
«Օրինակ` ինձ թեկնածուի մեջ գոհացրեց անկեղծությունը, այդ մարդն անկեղծ գալիս էր, ասում էր` ես չեմ կարող ասել, բայց այնուհանդերձ, կարծում եմ` անկեղծությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է: Ինչո՞ւ, որովհետև, կներեք, պարոն Բունիաթյան, երբ որ գալիք եք Ազգային ժողովի ամբիոն, կարող եք որևէ բան չիմանալ, չիմանալն ամոթ չէ, բայց ամոթ է իմանալ չցանկանալը», - ասաց «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` հանձնաժողովի նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովում անդամի տեղը թափուր է դեռ 2020 թվականի նոյեմբերի 24 -ից, երբ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Կոտայքի մարզպետ նշանակվելու համար։ «Իմ քայլի» առաջադրած թեկնածու Բունիաթյանի չընտրվելուց հետո ԱԺ խմբակցությունները նոր թեկնածու առաջադրելու հնարավորություն ունեն: