Մատչելիության հղումներ

Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել Արցախում ծառայող իրենց որդիներին


Վեց ամիս է ժամկետային զինծառայողների ծնողները վարչապետ Փաշինյանի հստակ խոսքին են սպասում։

Նոյեմբերից Կառավարության ու Պաշտպանության նախարարության դռների առաջ պահանջում են զորացրել Արցախում ծառայող իրենց որդիներին։ Ասում են՝ պատերազմի ամբողջ դաժանություններով են անցել, իրենց պարտքը կատարել, պետք է տուն վերադառնան։

«Մեր երեխաները ունեն դեպրեսիվ վիճակ, ունեն բարոյահոգեբանական ընկճված վիճակ, ունեն որոշակիորեն խեղաթյուրված հոգեբանություն, լուրջ առողջական խնդիրներ։ Իրենք պետք է կազմեին բժշկական հանձնախմբեր, ստուգումներ անցկացնեին․․․», - ասում ծնողներից մի կին։

«Էդ երեխաների հետ չի լինում զրուցել։ Ես իմ տղային ընդհանրապես չճանաչեցի, լրիվ ուրիշ մարդ էր։ Էդ էրեխեքը րոպե առաջ խնդրում են ուղղակի, որ էնտեղից դուրս գան։ Որովհետև ամեն անգամ պոստեր գնալիս իրանք վերհիշում են էդ ամեն ինչը։ Վերհիշում են ոնց են իրանց ընկերները իրանց աչքի դեմը մահացել։ Իմ էրեխեն հրաշքով ա փրկվել ուղղակի», - ասաց մեկ այլ ծնող։

Կառավարարության շենքի դիմաց այսօր ևս հավաքված ծնողները դժգոհում են, թե ողջ մնացածներն այլևս պետությանը հետաքրքիր չեն։ Նրանք պահանջում են տուն ուղարկել իրենց երեխաներին․ - «Միգուցե իրանց համար ոչ մի բան, անտեսել են իրանք էդ էրեխեքին։ Բայց մեր արյունն ա, ո՞նց կարանք մենք անտեսենք մեր էրեխեքին․․․»

Արա Վարդանյանի որդին ութ ամսվա ծառայող է, պատերազմի առաջին օրվանից է դիրքերում եղել՝ զորակոչվելուց 50 օր անց։ Պատերազմի սարսափների միջով է անցել, ինչ ասես տեսել է։ Հայրը հրադադարից հետո էլ հանգիստ չի քնում։ Ասում է՝ հիմա հրթիռներ չկան, բայց գերի ընկնելու վտանգ հո կա․ - «Միանշանակ։ Ընդհանրապես վստահել չի կարելի ադրբեջանցուն։ Էրեխեքը նենց տեղեր են պոստ կանգնում, որ ո՛չ ռուս կա, ո՛չ ադրբեջանցի։ Ադրբեջանը կարա գա, գիշերով միամիտ հարձակվի, զինվորներին տանի, ոնց որ էղավ․․․ Էրեխեն պատերազմ ա անցել, մի հատ էլ դրանից հետո գերի տանե՞ն»։

Մի խումբ ծնողներ անգամ առաջարկել են գնալ, իրենց որդիների փոխարեն դիրքերը պահել, միայն թե երեխաները տուն վերադառնան։ Այս պայմանին էլ չեն համաձայնել, պատմում է զինծառայողի հայրը։

80-ամյա Յուրիկ Սուքիասյանը թոռան համար է այստեղ։ Կռվի օրերին Արցախում եղել է, սեփական աչքերով է տեսել, թե 19 տարեկան թոռը ինչ հոգեվիճակում է եղել։

Ժամկետային զինծառայողների ծնողները այսօր էլ 7 ժամ անցկացրեցին Կառավարության շենքի մոտ, բայց այդպես էլ որևէ պատասխան չստացան։ Մի խումբ ծնողների առջև կառավարության դռները բացեցին, բայց ոչ վարչապետի։ Նրանք Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսսյանի հետ են 6 ժամ զրուցել, բայց այդպես էլ չի հաջողվել Փաշինյանին տեսնել։

Ասում են՝ երկուշաբթի նորից են գալու և դեռ կգան այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջը ընթացք ստանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG