Մատչելիության հղումներ

Փաշինյանը բարձր է գնահատել Իգոր Կրասնովի ջանքերը Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի ապահովման ուղղությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:

Վարչապետը վստահություն հայտնել, որ Ռուսաստանի գլխավոր դատախազ ի այցը կնպաստի երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությունը հանցավորության դեմ պայքարում և առկա մարտահրավերներին դիմակայելու գործում:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Իգոր Կրասնովի ջանքերը պատերազմի հետևանքով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող անձանց հետ վերադարձի ապահովման ուղղությամբ: Այս գործում ներդրվող ավանդի, իրականացվող քայլերի, ինչպես նաև իրավապահ բնագավառում արդյունավետ համագործակցության համար Նիկոլ Փաշինյանն Իգոր Կրասնովին հանձնել է շնորհակալագիր:

Իգոր Կրասնովի խոսքով՝ երկու երկրների գլխավոր դատախազությունները գտնվում են մշտական կապի մեջ, ինչը նպաստում է հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցությանը: ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: ՌԴ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այդ ուղղությամբ իր ջանքերը կրում են շարունակական բնույթ և կանի ամեն ինչ՝ խնդրի լուծման նպատակով:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը առանձնակի կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը երկարատև համատեքստում ու այդ առումով արդյունավետ գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 7-ին ունեցած բանակցությունների արդյունքները:

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանն ու Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG