Մատչելիության հղումներ

Վրաստանի բնակիչների 64 տոկոսը դրական է որակում երկրի հարաբերությունները Հայաստանի հետ


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի համայնապատկեր, արխիվ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի համայնապատկեր, արխիվ

Վրաստանի բնակիչների 64 տոկոսի համոզմամբ՝ իրենց երկրի հարաբերությունները Հայաստանի հետ կարելի է բնութագրել որպես դրական։ Դա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից օրերս հրապարակված հարցման արդյունքները։

Փետրվարին անցկացված այս հետազոտության մասնակիցների 22 տոկոսի պնդմամբ՝ հայ-վրացական հարաբերություններն այսօր ոչ բարեկամական են և ոչ էլ թշնամական։ Հարցվածների միայն 9 տոկոսն է նշել, թե Հայաստանի հետ հարաբերությունները վատ վիճակում են։

Հետազոտության մասնակիցների շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ ավելի դրական տրամադրություններ են տիրում։ Վրաց-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը դրական է գնահատել հարցվածների 73, իսկ վրաց-ադրբեջանականինը՝ 66 տոկոսը։

Բացի այդ, IRI-ի հարցմանը մասնակցած Վրաստանի քաղաքացիների 17 տոկոսը պնդում է, որ իրենց երկրի ամենակարևոր քաղաքական գործընկերը Ադրբեջանն է։13 տոկոսը որպես Թբիլիսիիի թիվ մեկ քաղաքական գործընկեր մատնանշում է Թուրքիային։Համեմատության համար՝ Հայաստանը Վրաստանի գլխավոր գործընկեր է ընկալում հարցվածների միայն 11 տոկոսը։

Դատելով հետազոտության արդյունքներից՝ տնտեսական ասպարեզում Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերն է՛լ ավելի ամուր են։ Ամեն երկրորդ հարցված վրացին որպես երկրի կարևորագույն տնտեսական գործընկեր մատնանշել է Թուրքիային և Ադրբեջանին՝ համապատասխանաբար 29 և 21 տոկոս։ Հայաստանը Վրաստանի առաջնահերթ տնտեսական գործընկերներին թվին է դասել հարցվածների միայն 9 տոկոսը։

Դրա հետ մեկտեղ, Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ վրաց հասարակությունը Հայաստանը որպես սպառնալիք չի ընկալում։ Հետազոտության մասնակիցների միայն 3 տոկոսն է Հայաստանն ընկալում որպես քաղաքական, և 2 տոկոսը՝ որպես տնտեսական սպառնալիք։

Փոխարենը, հարցվածների 10 տոկոսը պնդել է, որ Թուրքիան Վրաստանի համար լուրջ տնտեսական սպառնալիք է, 7 տոկոսի պնդմամբ էլ՝ Անկարայի գործունեությունը Վրաստանի տարածքում քաղաքական ռիսկեր է պարունակում։

Ադրբեջանը քաղաքական սպառնալից գործոն է դիտարկում հարցված վրացիների 7, և տնտեսական սպառնալիք՝ 4 տոկոսը։

Սպառնալիքների առումով միանձնյա առաջատարը, սակայն, Ռուսաստանն է։ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների 88 տոկոսը Ռուսաստանը համարում է քաղաքական, իսկ 78 տոկոսը՝ տնտեսական սպառնալիք։

Որպես հետևանք՝ վրաց հանրության ճնշող մեծամասնությունը շարունակում է հանդես գալ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու օգտին։ IRI-ի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 59 տոկոսը ամբողջությամբ, ևս 19 տոկոսը՝ մասամբ կողմ է արտահայտվում ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին։ Հարցվածների կեսից ավելին, այդուհանդերձ՝ 53 տոկոսը, անկեղծորեն խոստովանել է, թե չգիտի՝ երբ Վրաստանը հնարավորություն կստանա մաս կազմել դաշինքին։ Հարցման մասնակիցների 12 տոկոսն էլ կարծում է, որ դա երբեք տեղի չի ունենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG