Քովիդի թվերը գնալով աճում են, միայն այսօր 1025 նոր դեպք է հաստատվել, մահացել՝ 24 մարդ, որոնցից 4-ի մոտ թեև հաստատված է եղել կորոնավիրուսային վարակը, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 626 մարդ էլ առողջացել է։
Քովիդով հիվանդների բուժմամբ այս պահին զբաղվում է հայաստանյան 22 բժշկական կենտրոն, դրանցիցի 10-ը մարզերում է: Առողջապահության նախարարն օրերս նշել էր, որ շուրջ 3 հազար մահճակալ ապահովված է թոքերի արհեստական թթվածնային սարքով, ևս 100-ն այսօր Եվրոպական միությունն ու ԱՀԿ-ն փոխանցեցին։
«Բաշխվելու է նորից քովիդ հիվանդանոցներին՝ լրացնելու այն բոլոր մահճակալների կարիքը, որոնք դեռևս ապահովված չեն, բայց իրենք ապահովված լինելով, բնականաբար, ավելի լավ բուժում կտրամադրեն թթվածնի կարիք ունեցող հիվանդների համար», - նշեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Քովիդով հիվանդների ծանր ընթացքի համար առաջնային անհրաժեշտություն ունեցող այս նոր սարքերը նախորդներից էականորեն տարբերվում են։ Այժմ դրանք դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնում են, որտեղից էլ կբաշխվեն հիվանդանոցներին։
«Բոլոր սարքերը մինչև այսօր ինչ եկել է, համենայնդեպս ես ինչքան նկատել եմ, մեկ պացիենտի համար է նախատեսված եղել, սա զուգահեռաբար երկու պացիենտի՝ երկու հատ սարք է դրված: Զուգահեռ երկու պացիենտ կարող է թթվածին շնչել», - ասաց կենտրոնի տնօրեն Դավիթ Ալթունյան
Հայաստանում օրերս հայտնաբերվել էր նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք։ Թե ինչպես է հիվանդությունն ընթանում այս վարակակիրների մոտ, արդյոք առողջական վիճակի ավելի լուրջ ծանրացումներ նկատվում են՝ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց, որ այս պահին եզրահանգումներ անել չեն կարող, բայց հղում անելով միջազգային փորձին, կրկնեց՝ այս շտամի վտանգն այն է, որ շատ արագ է տարածվում։
«Միաժամանակ ավելի շատ մարդիկ կարող են վարակվել, որը չնայած մահացության տոկոսը, ինչպես նաև մյուս շտամերի դեպքում նույնն է, ըստ իրենց հետազոտությունների, բայց խնդիրը նրանում է կայանում, որ միաժամանակ ավելի շատ մարդիկ կարող են հիվանդանալ, որը ավելի կծանրաբեռնի առողջապահական համակարգը, մարդկանց չենք հասցնի համապատասխան բժշկական օգնություն ցույց տալ: Մահերի թվով ավելի մեծ թվեր կունենաք, բայց ի հաշիվ նրա, որ ծանրաբեռնված կլինի համակարգը», - ասաց փոխնախարարը:
Պատվաստումներն, ի դեպ, այս երկուշաբթի արդեն պետք է սկսվեին, բայց ըստ փոխնախարարի՝ հավանաբար մաքսազերծման աշխատանքներով է պայմանավորված դրանց դանդաղումը։ Ռուսական արտադրության Sputnik V-ից բացի, COVAX միասնական հարթակը ՀՀ-ին առաջարկել է նաև Ամերիկյան Novavax պատվաստանյութը, որն ըստ տարբեր տվյալների՝ աշխարհում այդքան էլ շատ չի կիրառվում:
«Նույն COVAX-ի շրջանակներում, օրինակ, երկրին առաջարկվել են այլ պատվաստանյութեր, օրինակ, Novavax-ը, Johnson-ի պատվաստանյութը, որը քննարկվել է մասնագիտական թիմի հետ, և երկիրը դրական պատասխան էր տվել COVAX-ին, որ համաձայն է ձեռք բերել նաև այդ պատվաստանյութերը», - ասաց Նանուշյանը:
Իտալական թերթերից մեկին տված հարցազրույցում, դեղերի եվրոպական գործակալության բարձրաստիճան պաշտոնյա Մարկո Կավալերին ասել է, որ բրիտանական AstraZeneca պատվաստանյութի ընդունման և թրոմբոզի դեպքերի միջև կապը հաստատվել է։ ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևից հետաքրքրվեցինք, իրենք հաստատո՞ւմ, թե՞ հերքում են այս տեղեկությունը:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը հայտնի կլինի վաղը կամ մյուս օրը։ Իսկ այն, ինչ մենք գիտենք գոնե այս պահի դրությամբ, դա այն է, որ պատվաստանյութի ու այն կողմնակի ազդեցությունների միջև, որոնց մասին այսօր խոսվում է, կապ չկա։ Նաև նշեմ, որ, երբ տեսնում ենք, թե ինչ դրական արդյունք է տալիս պատվաստանյութը՝ այս դեպքում AstraZeneca-ն, որով միլիոնավոր մարդիկ պատվաստվել Եվրոպայում, հասկանում ենք, որ քովիդով վարակվելու և դրանից մահանալու ռիսկերն ավելի մեծ են։ Պատվաստանյութը փրկում է կյանքեր, օգնում է մարդկանց», - պատասխանեց ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչը:
Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում այս պահին կա ընդամենը 6 ազատ մահճակալ, 377 -ը՝ զբաղված է։ 79 մարդ շնում է արհեստական թթվածնայի սարքի միջոցով, 966-ի առողջական վիճակը ծանր է, 278-ինը՝ ծայրահեղ ծանր։ 2328 մարդ հոսպիտալացված է