Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում «զերծ մնալ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պրակտիկայից»


Ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հայտարարում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ:

Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով։ Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․ արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի արտգործնախարարությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին «զերծ մնալ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG