Քրիստոսի հարության տոնին հաջորդում է այսօրը՝ մեռելոցը, առաջին մեռելոցն է 44-օրյա պատերազմից հետո։
Երեկ էլ, այսօր էլ Եռաբլուրում տղաների նկարների շուրջը զարդարվում էր զատկական ձվերով, ճուտիկներով, մեծ ու փոքր հրեշտակներով։ Նույնիսկ փոքր մատուռներ են կառուցում շիրիմների մոտ։ Ինչ անում ենք, չենք հանգստանում», - ասում են հարազատները։
«Նոր տարուն տոնածառ էի դրել․․․ հիմա Զատիկին ձվերով ծառը, շուտով 20-ամյակն է, ծնունդին էլ եմ բան որոշել։ Բայց էդ պահին անում, հանգստնաում եմ ու հետո նորից ես իմ մտքերով եմ լինում՝ ի՞նչ անեմ իրա համար, որովհետև ինքը իմ համար նենց բան ա արել, իրա կյանքն ա զոհել, որ ես ինչ էլ անեմ, ոչ ես կհանգստանամ, ոչ էլ կարող եմ փոխհատուցել իրեն», - ասում է զոհված Գևորգ Ջավախյանի քույրը՝ Սեդան։
Մինչև այժմ Պաշտպանության բանակը հրապարակել է 2836 զոհերի անուն-ազգանուններ: Միայն վերջին շաբաթում 184 նոր անուն։ Եռաբլուրը ընդարձակվում է ամեն օր։
«Մեռելոցը կապ չունի, ամեն օր այստեղ ենք, որովհետև միայն այստեղ ենք խաղաղվում», -ասում են 19-ամյա Համլետի հարազատները։ Շարքային Բադալյանը փրկվել է Ջաբրայիլի մարտերում ու զոհվել նոյեմբերի մեկինՄեղրիի Նռնաձորում։ Հարազատների լսածով՝ առանց սաղավարտի ու զրահաբաճկոնի է եղել։
Պաշտպանության բանակի սպա Գևորգ Գասպարյանն այսօր 32 տարեկան կդառնան։ Նրա դուստրը Եռաբլուր է եկել բացիկով։ Բացիկը քարի տակ է դնում, հետո շիրմաքարին մոտեցնում հայրիկի սիրած տորթից մի կտոր, կոնֆետներ։
Երկու փոքրիկ տղաներ են կանգնած հարևան շիրիմի մոտ․ Դավիթն ու Ալեքսը հետախույզ Արմեն Բադասյանի որդիներն են։ Ընտանիքը մինչև այս պատերազմը երջանիկ էր Հադրութի Մեծ Թաղեր գյուղում։ «Էլ ոչինչ չունենք», - մղկտում է մայրը։ - «Ո՛չ Հադրութ կա, ո՛չ ռայոն կա, ո՛չ տուն․․․ տղաս էլ չկա․․․»
Պատերազմից հետո ընտանքիը 7 տուն է փոխել, ի վերջո հաստատվել են Նոր Խարբերդում, Եռաբլուրը գյուղից դուրս գալու միակ ուղղությունն է․․․
Տղաները շիրմաքարից իրենց ժպտացող հոր նկարը տեսնում ու ոչինչ չեն հասկանում, տնեցիներից լսել են՝ Ռուսաստան փող աշխատելու է գնացել, կգա՝ եթե իրենց խելոք պահեն։
Զավեն Մակարյանը եռաբլուրում հուղարկավորված 7 հարազատ ունի։ 20-ամյա շարքային Նարեկ Գևորգյանի շիրիմի մոտ էր։ «Վերջին ընկերոջը փրկելուց հետո գոռալով ասել ա՝ գնացեք, որդ կփրկվի, թող հորս խաբար անի․․․»
Հետո պատերազմի առաջին օրը կամավոր Արցախ մեկնած ու պատերազմի վերջին օրը զոհված Վանո Գրիգորյանի մոտ էր․ - «Էս մի էրեխեն, էս մի մինուճար տղան էր․․․»
Հանգուցյալների հիշատակի օրը Եռաբլուրում շիրիմից շիրիմ աղոթքներով շրջում էին նաև քահանաներ, սրբազաններ և Ամենայն հայոց կաթողիկոսը։ Օրհնում էին գերեզմանները, իսկ խնկամանները այստեղ ծխում են ամսվա բոլոր օրերին, բոլոր ժամերին։