Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը


Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է տոնի կապակցությամբ:

«Զորացած Սուրբ Զատկի բերկրալի տոնի խորհուրդով և մեծ Ավետիսով՝ այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտություն ունենք համախմբվածությամբ, հավատով և մեծ նվիրումով լծվելու մեր Հայրենիքի վերականգնման և զորացման գործին:

Մենք ապրում ենք դժվարին ու տագնապալի ժամանակներ, մեր ժողովուրդն անցնում է փորձությունների միջով, սակայն Հարության լույսը մեզ պետք է ավելի իմաստուն, շրջահայաց ու հաստատակամ դարձնի մեր որոշումներում և գործողություններում», - ասված է նրա ուղերձում:

Նախագահը հորդորում է լինել հանդուրժող միմյանց հանդեպ և մեկտեղել ուժերը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագին պատգամ է հղել:

«Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, շարունակվող քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստվերելով նաև հայրենանվիրումի ու ազգասիրության վեհ գաղափարները։ Իսկ հայրենիքի անվտանգության չփարատվող մտահոգությունը, հայրենական կյանքի տեսլականի բացակայությունը, հիասթափությունն ու հուսախաբությունը անորոշության խավարով են մթագնել ապագայատեսիլ մեր հույսերը։ Ոչ մի հանգամանք, ոչ մի նպատակ, ոչինչ չի կարող արդարացնել ազգի ու հայրենիքի մասնատումն ու տկարացումը, ազգային և հոգևոր մեր արժեքների, նախնյաց ավանդների ոտնահարումը, նոր սերնդի ապազգայնացումն ու բարոյազրկումը, ազգի արժանապատվության ու պատվի նսեմացումը», - ասել է նա իր պատգամում։

Որպես այս իրավիճակի հաղթահարման ուղի Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Հայրենաշեն ջանքերը կպսակվեն հաջողությամբ օրհասական իրավիճակից պետականությունը փրկելու նախանձախնդրությամբ, անձնական հավակնություններից հրաժարվելով, պետության ու ազգի շահը գերադասելով։ Այս ոգով հաղթական հանգրվանի պիտի հասցնենք մեր ցավագին կորուստների վերականգնման, մեր ազգային իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման մեր նվիրական ձգտումները։

Քրիստոս հարություն է առել և մեզ պարգևել զորությունը նորոգելու մեր հոգիները, մեր կյանքը։ Չհուսալքվենք ու թևաթափ չլինենք մեզ պաշարած փորձությունների հանդիման»։

Երեկ` Ավագ շաբաթ օրը երեկոյան, Սուրբ Հարության տոնի առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցել է Սուրբ Գայանե վանքում:

Պատարագի արարողությանը ներկա է եղել նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Մայր Աթոռի բարերարներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սեղանի կանթեղից վառել է Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը:

Պատարագի արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը և նախագահը հավաքվել են Վեհարանում, ուր կատարվել է Սուրբ Հարության տնօրհնեք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG