Մատչելիության հղումներ

Պատերազմում զոհված Նարեկի ծնողները դժվարությամբ, բայց որոշել են՝ տանը պետք է նորից երեխայի ձայն լսվի


Շաքարյանների ընտանիքում կյանքն անդառնալիորեն փոխվեց հոկտեմբերի 25-ից հետո, երբ միակ որդու՝ զինծառայող Նարեկի մահվան լուրը ստացան։ Երբ պատերազմը սկսվեց, Նարեկը 2 ամիս էր, ինչ ծառայության մեջ էր։

«Շատ ուրախ էր, զանգում էր, շատ գոհ էր ծառայությունից: Վերջին անգամ 25-ն էր, իմ ծնունդն էր, զանգեց շնորհավորեց, ասեց՝ երեք օրից կզանգեմ, երեք օրից խաբարն եկավ», - պատմեց մայրը՝ Քրիստինե Պապոյանը:

Նարեկը զոհվել է Թաղավարդում՝ ԱԹՍ-ի հարվածից։ Ռուսաստանից վերադարձել էր ծառայության համար, իր ապագան էլ տեսնում էր ռազմական ոլորտում։ «Միշտ ուզում էր Վազգեն Սարգսյան սովորեր, մենք չէինք համաձայնվում, դե մի տղա ունեինք էլի, չէինք ուզում էդ ճամփան բռնի: Ասում էր՝ եթե չեք թողնում ըտեղ, ուրիշ ոչ մի տեղ էլ չեմ սովորի», - ասաց մայրը:

ԱԹՍ-ի բեկորը Նարեկի սրտին էր դիպել՝ վնասելով նաև զինվորական գրքույկը:

«Ճիշտ ա՝ դժվար ա իմ համար, բայց ուրիշ ելք չունեմ, գոնե ապրելու հույս կունենաք», - նշեց Քրիստինե Պապոյանը:

«Եթե պետք է ապրենք, ապրելու իմաստ է պետք: Մարդու ապրելու իմաստը դա է՝ ժառանգ ունենա», - հավելեց հարը՝ Արթուր Շաքարյանը:

Ցավն ու տխրությունը խեղդելու համար որդեկորույս ծնողները դժվարությամբ, բայց որոշում կայացրին՝ Նարեկը պետք է վերածնվի, իրենց տան մեջ նորից պետք է լսվի Նարեկի ձայնը։

«Ես Նարեկիս խոստացա, որ իրա անունը պիտի էս տնից միշտ գա», - ասաց մայրը:

Ամուսինները երեխա ունենալու համար բժշկական ստուգումներ էին անցնում, երբ Արմավիրի բուժկենտրոնից տեղեկացան Առողջապահության նախարարության նոր ծրագրի մասին։ 2019-ի սեպտեմբերից պետպատվերով գործում է անպտղության հաղթահարման ծրագիր, որի շրջանակներում շահառուների մի քանի խմբեր կարող են հետազոտվել՝ անպտղության պատճառները պարզելու համար, ստանալ բուժում և անհրաժեշտության դեպքում նաև բավականին թանկարժեք՝ արհեստական սերմնավորման և արտամարմնային բեղմնավորման ծառայություններից օգտվել։

Գործող ծրագիրն ուներ սահմանափակումներ, դրանից կարող են օգտվել խոցելի այն խմբերը, ովքեր չունեն երեխա, ունեն գրանցված քաղաքացիական ամուսնություն, և կնոջ տարիքը չի գերազանցում 35-ը։ Փետրվարի 25-ի կառավարության որոշմամբ այդ խմբում ներառվեցին նաև 44-օրյա պատերազմի ընթացքում կամ դրանից հետո մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ծնողները։ Ընդ որում, նրանց հանդեպ բոլոր սահմանափակումները հանվեցին։

«Մենք հասկացանք, որ պահանջարկը կա, մինչ կառավարության որոշման ընդունումը դիմում էին մեզ, այսինքն Առողջապահության նախարարություն, և մենք բոլորին անհատական հրամաններով, քանի որ որոշմանն իրենք ներառված չէին որպես շահառուների խումբ, բայց անհատական հրամաններով բոլորին աջակցում են, հետո հասկացանք, որ պետք է օրենսդրորեն ամրագրենք իրենց իրավունքը», - ասաց Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը:

Պետպատվերով իրականացվող ծրագրից 2019-20 թվականների ընթացքում օգտվել են հարյուրավոր ընտանիքներ՝ կատարվել է 566 միջամտություն, այդ թվում՝ ներարգանդային սերմնավորում, արտամարմնային բեղմնավորում, սառեցված սաղմի ապասառեցում և տեղադրում, պատճառագիտության ախտորոշում և բուժում։

Պատերազմի ընթացքում որդեկորույս բոլոր ծնողները, ովքեր ցանկություն կհայտնեն երեխա ունենալու, կստանան ամբողջական աջակցություն պետության կողմից՝ ասում է Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատարը։

«Նախորդ տարվա համեմատությամբ այդ ծրագրին հատկացված գումարը եռապատկվել է: Մերժման դեպք ինձ հայտնի չէ, մերժումը միայն կարող է լինել բժշկական ցուցումներով», - ասաց Փաշայանը:

Նոր փոփոխությունից հետո արդեն տասնյակ ընտանիքներ հասցրել են դիմել ծրագրին։ Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, օրինակ, արդեն 7 ընտանիք է դիմել։ Կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը կարծում է՝ ծրագիրն իսկապես կարևոր հարց է լուծում։

«Միայն այն, որ ինքը կարողանա ունենա կորցրած զավակի տեղը զավակ, դա արդեն նոր իմաստ է տալիս իրենց կյանքին, միանշանակ: Ես շատ հազվագյուտ եմ հանդիպել, որ գան ասեն՝ տղա եմ կորցրել, տղա եմ ուզում, տղա եմ կորցրել, երեխա եմ ուզում, իրենց երեխա է պետք», - նշեց Օկոևը:

Ծնելիության խթանումը Հայաստանի համար, թեպետ մշտապես օրակարգային խնդիր է եղել, բայց պատերազմից հետո ավելի քան կարևորվում է։ Հայաստանում պտղաբերության ինդեքսը այսօր կազմում է 1,6, այսինքն, ընտանիքներում ծնվում է 1-ից 2 երեխա։ Նման ցուցանիշի դեպքում երկրի բնակչությունը 70 տարվա ընթացքում կիսով չափ նվազում է, այսինքն 21-րդ դարի վերջում Հայաստանի բնակչությունը կարող է 1,5 միլիոնով պակասել:

«Բժշկության մեջ համարվում է, որ թե դու ունես մի երեխա, պարտք ես, եթե ունես երկու երեխա քո ազգի համար 0-ական վիճակ ես, երրորդ երեխան է պլյուս տալիս: Երկու երեխա ունենալով դու չես կարողանա ասել, որ ես ապահովել եմ մեր ազգի վերարտադրությունը», - ասաց Գեորգի Օկոևը:

Թե քանի ընտանիք է մինչ այս պահը դիմել ծրագրից օգտվելու համար, առայժմ տվյալներ չկան, քանի որ գործընթացը նոր է սկսվել, բայց մասնագետներն ընդգծում են՝ այն ռազմավարական խնդրից բացի նաև մարդասիրական հարց է լուծում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG