Մատչելիության հղումներ

Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը


Այսօր Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի արարողությունը: Տեր-Թադևոսյանը դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն կհուղարկավորվի Դավթաշենի ընտանեկան գերեզմանոցում վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 13:00-ին:

Արկադի Տեր-Թոդևոսյանը կյանքից հեռացավ մարտի 31-ին:

Համալիրում էին մեծ թվով քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հարազատներ, մարտական ընկերներ: Այնտեղ էր նաև Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունը: Վերջինս ընդգծեց Արկադի Տեր-Թոդևոսյանի ունեցած մեծ ներդրումը բանակի կայացման գործում:

Համալիրում էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վերջինս նշեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի Կոմանդոսի երազանքների բանակն ունենան և վերականգնվի զինված ուժերի փառքը, բանակի զարգացման ծրագրից խոսեց. «Իրապես և խորքային պետք է վերանայենք մեր մոտեցումները Զինված ուժերի կազմակերպման առումով, բոլոր առումներով՝ և՛ առաջին գծի մասին է խոսքը, և՛ տեխնիկայի մասին է խոսքը, և՛ թիկունքի մասին է խոսքը: Շատ մեծ ուշադրություն դարձնենք ռազմարդյունաբերության ոլորտի վրա, որովհետև նաև պատերազմի մեր փորձը ցույց տվեց, որ որոշ դեպքերում մենք կարող ենք հայտնվել բլոկադայի պայմաններում և՛ օդում, և՛ ցամաքում, ու շատ աշխատանքներ մենք պետք է կարողանանք կատարել»:

Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը ևս նշեց, որ Արկադի Տեր-Թադևոսյանի երազանքը կատարելը, այն էր՝ իր ազատագրած Շուշին դարձյալ Արցախին վերադարձնելը, հիմա արդեն իրենց պարտքն է դառնում և եկող սերնդի. «Այս պատերազմում ինքը էլի իր խորհուրդներով միշտ եղել է Ղարաբաղում: Իրա համար էնքան մեծ ցավ էր, որ իր ղեկավարած մարտական գործողությունների ժամանակ ինչ ձևով ենք ազատագրել ու այսօր ինքը տեսավ, ցավոք սրտի, ոնց մենք կարողացանք հետ տալ այդ ամենը»:

Արկադի Տեր-Թադևոսյանը մեծ ներդրում է ունեցել 90-ականների ղարաբաղյան պատերազմում: 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացրած ռազմական գործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը: Իսկ արդեն 92 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայկական ուժերը Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ևս ներկա էր հուղարկավորությանը: Նա ևս շատ բարձր գնահատեց Տեր-Թադևոսյանի ներդրումը բանակի կայացման, Շուշիի ազատագրման գործում:

«Առանց մանրամասն իմանալու հիվանդության մանրամասները, ես վստահ եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այդ 44 օրերի ընթացքում, նաև դրա հետևանքներ է այս ամեն ինչը», - ասաց Սեֆիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG