Բուհերի շենքերին որևէ վտանգ չի սպառնում, առավել ևս՝ նման որոշում չկա, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Երևանի բուհերի շենքերը վաճառելու և մարզերում ակադեմիական քաղաքներ կառուցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Խնդիրը նոր շենք է, նոր քաղաքն է, նոր շենքերն են, նոր կոմունիկացիաներն են, նոր կամպուսներն են։ Խնդիրը ձևի և բովանդակության համապատասխանությունն է։ Ձևը արտաքինն է, բովանդակությունը բուհն է, բարձրագույն կրթությունը։ Մենք չենք կարող նկուղային պայմաններում բարձրագույն կրթություն ապահովել ժամանակակից։ Նկուղայինը չակերտավոր․․․ Հերքում եմ ձեր այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու։ Անկախ նրանից այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չի՝ նման որոշում գոյություն չունի։ Առավել ևս չունի և չի ունենալու և չի կարող ունենալ նման որոշում, որ վաճառել Երևանի պետական համալսարանի շենքը», - հայտարարեց Դումանյանը։
Նախարարի խոսքով, չկա հստակ վայր, կա ցանկություն, հաստատուն կամք դա անել՝ կարևորելով ոլորտը։ Դիտարկմանը՝ հերքո՞ւմ է բուհերի շենքերը վաճառելու ու ակադեմիական քաղաք հիմնելու մասին վարչապետի հայտարարությունը, Դումանյանն արձագանքեց․ - «Ես իրավասու չեմ վարչապետի հայտարարությունը հերքել կամ հաստատել։ Կարծում եմ, դուք ունեք հնարավորություն վարչապետին ուղղել այդ հարցը, քանի որ դա Կառավարության որոշում չէ, վարչապետը ինչ ասել է, վարչապետն ինքը ավելի հստակ կասի։ Ես կարող եմ ասել, թե ես ինչ եմ հասկանում դրա տակ։ Ասվում է հետևյալը՝ որ եթե իրականություն դառնա այն գաղափարը, որի մասին խոսեց վարչապետը, եթե ակադեմիական քաղաքը իրականություն կդառնա, բնական ցանկություն կառաջանա շատ-շատ բուհերի մոտ տեղափոխվել այդ գեղեցիկ վայրը։ Եվ այն կառույցները, որոնք մինչ այդ բուհ են եղել, բայց այլևս կհամարվի ոչ նպատակահարմար այնտեղ բուհական կրթություն իրագործելը, կարելի է և՛ վաճառել, և՛ ներդնել»։
Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ գաղափարը իրականություն դարձնելու համար բոլոր շենքերն էլ եթե վաճառվեն, միևնույն է բավարար չէ, լուրջ ներդրումներ են հարկավոր ակադեմիական քաղաքներ կառուցելու համար․ - «Ես պատկերացնում եմ, որ դա պիտի լինի բավական մոտ քաղաքին, օդանավակայանին, կոմունիկացիաներին, արագընթաց տրանսպորտներով և այլն, և այլն․․․ Երբ որ դա լինի, օրինակ, չեմ կարծում, որ Մանկավարժականա համալսարանը, որ գտնվում է քաղաքի կենտրոնում բարձրահարկ շենքի տեսքով, կլինի լավագույն վայրը կրթական գործընթաց կազմակերպելու համար։ Կամ Ֆիզկուլտուրայի ինստիտուտը, որ սովորական շենքը է մի քանի հարկանի։ Եթե ավելի լավը լինի, որ դուք ձգտեք ավելի լավում գտնվել, պահում եք ի՞նչ անեք»։
Փաշինյանի օրերս արած հայտարարությունը բուռն քննարկումների ալիք է բարձրացրել մամուլում ու համացանցում: Կարծիքներ են հնչում, որ սա բյուջեն լցնելու տարբերակ է և գիտության, կրթության զարգացմանը ուղղված խորքային բարեփոխում չի կարող համարվել։