Մատչելիության հղումներ

ՀՀ ղեկավարները ցավակցել են Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի մահվան կապակցությամբ:

«Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար փառապանծ հաղթանակների կերտմանը: Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ և վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին:

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական, ում ողջ գործունեությունը հաղթանակի բերկրանք ու հպարտություն է պարգևել հայ ժողովրդին», - ասված է նրա ուղերձում:

Կոմանդոսը մահացել է այսօր` 81 տարեկանում:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս հանդես է եկել ցավակցական ուղերձով. «Մենք դեռ շատ ենք ունենալու ռազմական արվեստի կոմանդոսյան գիտելիքների, բարոյականության նրա չափանիշների, փորձի ու հմտությունների կարիքը, որոնք նա փայլուն կերպով կիրառել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG