2020-ի սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի մեկնարկից սկսած, 2021-ի մարտի 15-ի դրությամբ Արցախում ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Հայաստանի Հանրապետություն փոխադրման, բազմաթիվ դեպքերի առթիվ մարտի 15-ի դրությամբ հարուցվել է 95 քրեական գործ, տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության՝ նշված քրեական գործերից 14-ով վարույթը կասեցվել է՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, պարզված չլինելու հիմքով, 13 քրեական գործով վարույթը կարճվել է, 63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Դատախազությունը նշում է, որ 2021-ի մարտի 15-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քննված կամ քննվող քրեական գործերով Քրեական օրենսգրքի 235-րդ և 238-րդ հոդվածիների տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար 39 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 26-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 2-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը:
4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 3-ով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Վերջիններիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը 2 անձի դեպքում՝ 1 տարի ժամկետով, 2 անձի դեպքում՝ 2 տարի ժամկետով, 1 անձի դեպքում՝ 4 տարի ժամկետով: Դատարանում գտնվող 1 գործով դատաքննությունը շարունակվում է: