Մատչելիության հղումներ

Պետք է գնահատել ապաշրջափակման հնարավորությունները, բայց ոչ Հայաստանի կենսական շահերի հաշվին, շեշտում է վարչապետը


Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել Հայաստանի և Արցախի շուրջ, երեկ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ պետք է շարունակաբար գնահատել այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք կան այս իրավիճակում:

Փաշինյանը նաև շեշտել է՝ նոր իրավիճակում պետք է կարողանալ գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, սակայն այդ գործընթացները չպետք է տեղի ունենան Հայաստանի կենսական շահերի հաշվին։

«Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը և մոտեցումը՝ ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին և ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի և Արցախի կայուն ու բնականոն զարգացման համար», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Իհարկե, տևական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից և մենք, օրինակ, մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ ունենք, որն ունի սեզոնային բնույթ և մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային: Մենք պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով և մյուս կողմից իհարկե պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, մենք պետք է այդ գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել ու պահպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը, իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության»։

Նշելով, որ կոմունիկացիաների բացումը նիստի քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու՝ վարչապետն ընդգծել է՝ հարցն ունի բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել:

«Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից: Մենք պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության երկարատև, կայուն զարգացումը, նաև ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է: Այնպես որ այսօր մեզ հաջող և արդյունավետ քննարկում եմ մաղթում», - եզրափակեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG