«Անհեռատես հայտարարություն», ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանն այսպես է գնահատում ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձախողման մասին արտգործնախարար Արա Այվազյանի հնչեցրած հայտարարությունը։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ կա Արցախի կարգավիճակի հարց, եթե չենք պատրաստվում դնել վերջակետ, պետք է խուսափել ծայրահեղ գնահատականներից։
«Մենք դրանով, այսպես ասած, փաստում ենք, որ այդ ձևաչափն այլևս անօգուտ է, ինչն Ադրբեջանի ցանկությունն է, այսինքն` մենք չպիտի հնարավորություն տանք Ադրբեջանին օգտագործելու նաև Հայաստանի կողմից դիվանագիտական շրջանակների կողմից օգտագործվող, հնչեցվող այդ հայտարարությունները, և որոշի, որ ձևաչափը պիտի փոխվի և փոխվի այնպես, որ Թուրքիան ևս ներառվի ինչ-որ ձևաչափով», - ասում է պատգամավորը:
Երեկ խորհրդարան եկած Հայաստանի արտգործնախարարը կտրականապես չհամաձայնեց, որ պատերազմը Հայաստանի արտաքին քաղաքականության ու դիվանագիտության ձախողումն էր, ձախողվել են, ըստ արտգործնախարարի, Մինսկի խմբի համանախագահները։ Պատերազմից հետո Երևանը չի թաքցրել ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու շահագրգռվածությունը, Բաքվից մշտապես հնչել է հայտարարություն՝ կոնֆլիկտը «լուծված է»։
«Պատերազմն ի ցույց դրեց, որ դա նաև համանախագահների գործունեության ձախողումն է, որովհետև իրենք ոչ միայն կոչված էին և կոչված են ստեղծել բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման ուղղությամբ, բայց նաև նրանք կոչված էին և են` բացառելու ռազմական լուծումը, և սեպտեմբերի 27-ն ապացուցեց, որ նրանք ձախողվել են իրենց այդ մանդատի ուղղությամբ», - հայտարարել է Արա Այվազյանը:
Հակամարտության կարգավորման գործում դերակատարություն չունենալու մեջ Մինսկի խմբին դեկտեմբերին մեղադրել էր համանախագահների հետ պատերազմից հետո առաջին ու վերջին անգամ հանդիպած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս իրավիճակում Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը ոչ պատեհ է որակում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Ոչ միայն Ալիևը, այլև Թուրքիան պարբերաբար կշտամբում են Մինսկի խմբին և Մինսկի խմբի ջանքերն, ըստ էության, արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, և ինձ համար ամենևին պատեհ չէր, որ այն ժամանակահատվածում, երբ մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է Մինսկի խմբի աշխատանքի վերագործարկումը, այսպիսի գնահատական է հնչում Մինսկի խմբի վերաբերյալ այն պարզ իրողության պայմաններում, երբ ակնհայտ է, որ պատերազմի փաստն ինքնին վկայում է, որ հայկական դիվանագիտությունը հիմնավորաապես ձախողվել է»:
Կառավարությունից արտգործնախարարի հայտարարությանը չեն արձագանքում։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, իշխանական «Իմ քայլից» Տաթևիկ Հայրապետյանը կարծում է` նման հայտարարությունները ոչ թե հեռացնում են բանակցությունները, այլ նպաստում մտորելու՝ ինչը այնպես չէր. «Կա՞ր ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, կար, բոլորը դրա շուրջ համաձայնության եկե՞լ էին, այդ թվում` Ադրբեջանը, եկել էին, Ադրբեջանը խախտե՞ց, խախտեց, իսկ ի՞նչ քայլեր ձեռնարկեցին ձևաչափում ընդգրկված պետություններն Ադրբեջանին կառուցողական հուն վերադարձնելու համար: Այստեղ մենք խնդիր ունենք և դրա մասին բարձրաձայնում ենք, որն ամբողջությամբ համաչափ եմ համարում»:
Հայաստանին Մինսկի խմբի ուժեղ համանախագահություն է պետք, որը ոչ թե կարձանագրի ներկա իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը, երեկ հայտարարել էր արտգործնախարար Այվազյանը։ Իշխանական պատգամավոր Հայրապետյանը համաձայն է: Այսօր Մինսկի խումբը իր արդյունավետությունը ցույց տալու խնդիր ունի՝ գերիների վերադարձի հարցում ջանքեր գործադրելով, Ադրբեջանին կառուցողական դաշտ ու Արցախի կարգավիճակի հարցը օրակարգ բերելով։ Սրանք այն խնդիրներն են, ըստ պատգամավորի, որոնք հայկական կողմը բարձրացնում է իր գործընկերների առաջ:
Հարցին, թե ասում է` ուժեղ համանախագահություն է ակնկալում, Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է, ումի՞ց են ակնկալում, նրա՞նց է ուղղված այս հայտարարությունը, թե՞ Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, Հայրապետյանը պատասխանեց. «Բոլորն երեքն էլ պետք է մաքսիմալ ջանք գործադրեն` ուժեղ համանախագահություն ապահովելու և կողմերին բանակցային սեղանի շուրջ համախմբելու համար»:
Դիտարկմանը, թե այսինքն` Ռուսաստանն էլ, կարծում է, թերացել է այդ հարցում, ասաց. «Ընդհանուր առմամբ բոլորն իրենց ջանքը գործադրել են պատերազմի ժամանակ հրադադարը ապահովելու համար, բայց թե ինչու չհաջողվեց Ադրբեջանին պարտադրել դա, սա, իհարկե, այլ խոսակցության թեմա է և նաև մտորելու թեմա է»:
Թե՛ Մինսկի խմբի հետ որպես ամբողջություն, թե՛ համանախագահող երկրների հետ առանձին-առանձին հեղափոխությունից հետո հայկական կողմի աշխատանքը անբավարար է համարում Արման Բաբաջանյանը։ Հիմա էլ տոտալ անգործություն է, կարծում է. «Մեր շահերը մեծապես պայմանավորվում են ռուսական շահերով, և մենք այստեղ մեծագույն աշխատանք ունենք կատարելու, որպեսզի տարածաշրջանում շահեր հետապնդող այլ ուժային կենտրոններին հնարավորություն տանք ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային այն նոր փոփոխություններին, որոնք ի հայտ են եկել պատերազմից հետո, և այդ շահերով մենք կարողանանք հավասարակշռության ապահովմամբ անվտանգության ավելի կենսունակ միջավայր ապահովել Հայաստանի համար: Ես նկատի ունեմ Եվրամիությունը, իհարկե, նաև Միացհալ Նահանգները, որը Բայդենի ընտրություններից հետո այս տարածաշրջան վերադառնալու հայտ է ներկայացրել»: