Մատչելիության հղումներ

Պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն ՀՀ երկարատև, կայուն զարգացումը, ասել է վարչապետը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

«Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել Հայաստանի, և Արցախի շուրջ ու մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում: Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը և մոտեցումը՝ ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին, և ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի և Արցախի կայուն ու բնականոն զարգացման համար», - ասել է վարչապետը նախքան նիստի մեկնարկը:

Ըստ նրա` տևական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից. «Եվ մենք պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, և մյուս կողմից` իհարկե, պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի հաշվին, այլ ընդհակառակը` մենք պետք է այս գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել ու պահպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը` իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության»:

«Ընդհանրապես, կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու: Հարցն էական է և ուշագրավ, բայց ինքն ունի բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնենք: Բայց մեր տրամադրվածությունը պիտի լինի այն, որ պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից:

Մենք պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության երկարատև, կայուն զարգացումը, և նաև ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է», - շեշտել է վարչապետը:

Արդեն նիստից հետո կառավարությունից փոխանցել են, որ քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG