«Հովեր» պետական կամերային երգչախումբը Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշության տանը մարտի սկզբից հանդես է գալիս գարնանամուտի համերգներով, որոնք մեծ ուշադրության են արժանանում երաժշտասերների կողմից՝ համերգները տեղի են ունենում լեփ-լեցուն դահլիճում:
Այս երեկո էլ ևս մեկ գարնանամուտի համերգ է սպասվում երաժշտասերներին Կամերային երաժշտության տանը, որտեղ, ինչպես «Ազատության» հետ զրույցում հայտնեց Սոնա Հովհաննիսյանը, երգչախումբը ունկնդիրներին կներկայացնի շատ բարդ և շատ հետաքրքիր երկու մասից բաղկացած ծրագիր:
«Առաջինում կհնչեն Արթուր Ավանեսովի նոր խմբերգերը, որոնք պանդեմիկ շրջանում ներկայացվել էին առցանց ձևաչափով, իսկ հիմա առաջին բեմելը կունենան այս խմբերգերը: Այնուհետև Ռաուտավաարայի «Էլեգիան»: Երկրորդում հետաքրքիր նոր խմբերգեր են հնչելու՝ Շաֆերի և Շանդերլի խմբերգերը, որոնք առանձնապես երիտասարդական տարիքի համար, կարծում եմ, հետաքրքիր նյութ են, որովհետև նույնիսկ փորձեին ուսանողներ էին ներկա գտնվում: Ավարտին Վաչե Շարաֆյանի փոքրիկ խմբերգն է՝ «Հիմնը»: Երկրորդ բաժնի սկզբում կհնչի Երվանդ Երկանյանի «Ագորա» ստեղծագործությունը, որը շատ տարիներ առաջ հեղինակը նվիրել է «Հովեր» երգչախմբին», - ներկայացրեց Հովհաննիսյանը:
Դե իսկ արդեն ապրիլ ամսին, բացի գարնանամուտի համերգներից, «Հովեր» պետական կամերային երգչախումբը Հայոց մեծ եղեռնի տարելիցի կապակցությամբ կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը», որից հետո էլ ամսվա վերջին մի չափազանց ուշագրավ բեմադրություն: