Մատչելիության հղումներ

Դատական օրենսգրքի փոփոխությունները դատավորների մի մասի մոտ դժգոհության առիթ են տվել


Դատական օրենսգրքի փոփոխությունները դատավորների մի մասը դժկամությամբ է ընդունել։ Ասում են՝ դրանք միջամտություն են արդարադատությանը։

Անցած շաբաթ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր իշխող «Իմ քայլի» պատգամավորների առաջարկությունները, որոնցով դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լիազորություններն ընդլայնվեցին։ Դժգոհության առիթ են տվել Դատական օրենսգրքի երկու փոփոխությունները։ Առաջինով՝ քաղաքացին դատավորի դեմ բողոք կարող է ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ։ Երկրորդով էլ՝ մինչև դատաքննության փուլում գտնվող գործերը այն քննող դատավորից կարող են վերցնել և փոխանցել մեկ այլ դատավորի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն «Ազատության» հարցին՝ եթե իրենից գործը վերցնեն և փոխանցեն մեկ այլ դատավորի, ի՞նչ կանի, պատասխանեց. «Եթե այս պայմաններում վերցնեն, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ, որովհետև դատավորից գործ վերցնելը, փոխանցելը մեկ այլ դատավորի, հանցագործություն է, դա միջամտություն է արդարադատությանը»:

Հարությունյանի կարծիքով, արդարադատությանը միջամտություն է նաև քաղաքացու դիմումը ԲԴԽ. «Ոչ միայն անհիմն քաշքշուկներ է ստեղծվելու, ոչ միայն Բարձրագույն դատական խորհուրդն է անհիմն ծանրաբեռնվելու, այլ նաև դա դատարանների անկախության միջամտություն է»:

Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, որը վերադարձրել է իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատ արձակված Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրը առոչինչ ճանաչելու պահանջով նման փաստաթուղթ չլինելու համար, ևս դժգոհ է իրենց աշխատանքը կարգավորող Դատական օրենսգրքի փոփոխություններից։ Հանրապետության նախագահը երկու շաբաթ ժամանակ ունի օրենքի փոփոխությունները ստորագրելու կամ էլ Սահմանադրական դատարան դիմելու համար։

«Այս փուլում ես կհորդորեի այն իրավասու սուբյեկտին, ով լիազորված է այդ օրինագծի սահմանադրականության հարցը բարձրացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում, բարձրացնել այդ օրինագծի սահմանադրականության հարցը», - ասաց դատավոր Հակոբյանը:

Լրագրողների հետ զրույցներում դատավորները պնդում էին, որ իրենք ազատ են գործում՝ թեև չեն բացառում ճնշումները։ Դավիթ Հարությունյանը չմանրամասնեց, թե որ կառույցները կարող են փորձել ճնշել իրեն ու գործընկերներին. «Նշանակման օրվանից փորձել եմ և աշխատում եմ դատավորի երդմանս համապատասխան աշխատել և որևէ ճնշում ինձ համար նշանակություն չունի: Ճնշումներ, բնականաբար, կարող են լինել և լինում էլ են, սակայն կոնկրետ իմ դեպքում ես ասում եմ՝ այնպիսի ճնշումներ, որի համար անհրաժեշտ լինի, օրինակի համար, հանցագործության մասին հաղորդում ներկայացնել կամ ԲԴԽ դիմել, իմ հանդեպ չի եղել»:

Իսկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն էլ հավելում է՝ ինքը միշտ է ազատ եղել. «Կոնկրետ իմ պարագայում ես միշտ եղել եմ ազատ, հիմա էլ եմ ազատ, նախկինում էլ եմ ազատ եղել և շարունակելու եմ ազատ լինել»:

Թավշյա հեղափոխությունից հետո շատերը, այդ թվում և իրավապաշտպանները սպասում էին դատական համակարգում էական բարեփոխումների։ Մոտ երեք տարի է անցել, բայց շոշափելի փոփոխություններ տեղի չունեցան, ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Իշխանությունն, իր հերթին, հայտարարում է, որ բարեփոխումները ընթացքում են։

«Սակայն մենք տեսնում ենք, որ այդ փոփոխությունների փոխարեն եղան որոշակի թիրախավորումներ դատական համակարգի կամ դատավորների նկատմամբ, օրինակ, դատարանների շրջափակումները, նաև դատավորներին պիտակավորող արտահայտությունները, որոնք նույնիսկ չեմ ուզում կրկնել, որովհետև պիտակավորումները չեմ ուզում տիրաժավորել, իրենք կարծես թե սադրեցին դատավորներին՝ դուրս գալ իրենց չեզոքության, անկախության, միգուցե նրանց քաղաքական պրոցեսներին չխառնվելու այդ մոտեցումից, որը նաև սահմանադրական պահանջ է և շատ հաճախ՝ անձամբ պաշտպանել իրենց իրավունքները, որը ես համարում եմ սադրանքին տրվել», - ընդգծեց իրավապաշտպանը:

Այս իրավիճակը հանգեցրեց նրան, որ դատավորները փորձելով պաշտպանել իրենց, սկսեցին նաև տեսակետներ հայտնել իրենց չվերաբերող հարցերի մասին, ինչը նախկինում չկար, ընդգծում է իրավապաշտպանը։

«Նախկինում, իհարկե, դա նաև արձանագրված է կոնկրետ դեպքերով և զեկույցներով, որ կախվածությունը առավել քաղաքական մարմիններից շատ ավելի մեծ է եղել: Եվ դա եղել է հստակորեն, շատ հաճախ ասում էին, նույնիսկ տարածվում էր այդպես, որ վերևից չեն հրահանգել այսպիսի որոշում կայացնել, վճիռ կայացնել այս կամ այն գործով և շատ հաճախ նույնիսկ քաղաքական բնույթ չկրող գործերը՝ տնտեսական և այլ տիպի բնույթ կրող գործերը կարծես կախվածության մեջ էին դնում դատավորներին քաղաքական մարմիններից: Այժմ նմանատիպ երևույթ կարելի է նույնիսկ չդիտարկել», - նշեց Զարուհի Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG