Մատչելիության հղումներ

Մշակութային լուրեր


Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն, արխիվ
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն, արխիվ

Առաջիկա օրերին մեր արվեստասերներին ուշագրավ  մշակութային իրադարձություններ են սպասվում:

Նրանք հնարավորություն ունեն ունկնդրել համերգներ, այցելել Նկարիչների միության ցուցասրահներ և ներկա գտնվել «Զաքարյան» արվեստի ստուդիայի սաների ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը՝ մարտի 28-ին: «Գարնանային» խորագրով ցուցահանդեսում ներկայացված կլինեն ավելի քան 70 գեղանկարչական և 150 կերամիկական, դեկորատիվ-կիրառական աշխատանքներ, նաև քանդակներ:

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մարտի 29-ին մեր երաժշտասերները կարող են ներկա գտնվել մոցարտյան երեկոյի՝ ունկնդրելով մեր լավագույն երաժիշտ կատարողներից դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի և Armenian լարային քառյակի կատարումները: Ծրագրում միայն Մոցարտի ստեղծագործություններն են, քանի որ երեկոն նվիրված Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 265-ամյակին:

Իսկ մարտի 31-ին կրկին Կամերային երաժշտության տանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ: Համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Ծրագրում Կլոդ Դեբյուսիի, Մորիս Դյուրուֆլեի, Օլիվեր Մեսսիանիի, Գաբրիել Ֆորեի և Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործություներն են:

«Շատ որակյալ ծրագիր է, շատ գեղեցիկ ստեղծագործություններ են։ Կոմպոզիտորները արդեն իրենց մասին խոսում են։ Էլ չեմ ասում, որ Պուլենկի Երգեհոնային կոնցերտը աշխարհի լավագույն ստեղծագործություններից մեկն է երգեհոնի համար գրված։ Թերեզա Ոսկանյանը կլինի երգեհոնահար։ Ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին հաջորդ համերգն է, որտեղ նորից շատ հետաքրքիր ծրագիր է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց Ռոբերտ Մլքեյանը:

Նա նաև հավելեց, որ իրենք ևս մեկ առանձին համերգ նվիրելու են Մոցարտի ծննդյան 265-ամյակին: Իհարկե, սպասվում են ուշագրավ մի շարք համերգներ ևս․ - «Մենք ունենք նախատեսած Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգ, ունենք 100-ամյակ Միրզոյանի, 100-ամյակ Բաբաջանյանի: Էդ բոլոր համերգները ոնց որ թե իմ ուսերին են ծառացած՝ լավ իմաստով իհարկե։ Չմոռանալով իհարկե Մոցարտին։ Ամենամեծ երջանկությունը նա է, որ մենք էդ հիվանդությունը արդեն կողք ենք դրել։ Ոչ թե այն իմաստով, որ հաշվի չենք նստում դրա հետ։ Հաշվի ենք նստում։ Բայց լավ է, որ ինքը էսօր չի խանգարում մեր ստեղծագործական կյանքին։ Մի քիչ էն տպավորությունն է, որ անկուշտի նման համերգ համերգի հետևից նշանակում եմ, բայց դա երազանք էր, մի տարի շարունակ էդ էինք երազում, որ կենդանի համերգները վերականգնվեն։ Փառք Աստծո, որ եղավ։ Ի ուրախություն նաև ունկնդրի, որովհետև համարյա տեղ չի մնում, ամբողջ դահլիճը լցված է։ Արդեն երեք հատ համերգ եմ տվել, որից երկուսը օրկեստրի հետ։ Այս տարի անսահման համերգներ են լինելու։ Բոլորին հրավիրում եմ համերգների»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG