Մատչելիության հղումներ

Կրթական հաստատությունների մի մասն ինքնուրույն է անցել հեռավար ուսուցման


Թեև համաճարակային իրավիճակը օրեցօր լարվում է, իսկ պետությունը «լոքդաունի» չի գնում, այդուհանդերձ, Հայաստանի ողջ տարածքում 21 դպրոց ամբողջությամբ, 8-ը մասնակի անցել են հեռավար կրթության։

Հայաստանյան խոշոր բուհերից՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում 4 դասախոս է մահացել կորոնավիրուսից, 6-ն էլ վարակված են։ Ռեկտորատի որոշմամբ՝ նախորդ շաբաթվանից մինչև ապրիլի 5-ն այս բուհում դասերն ամբողջությամբ հեռավար կանցկացվեն։

«Վարակման դեպքերը բավականին շատ էին, գրեթե բոլոր կուրսերում ունեինք վարակված ուսանողներ, ինչը ենթադրում էր, որ կուրսն ամբողջությամբ պետք է 14 օր մեկուսացնել։ Դասախոսների շրջանակներում ևս ունենք վարակված դեպքեր, ցավոք, նաև և՛ այս կիսամյակ, և՛ նախորդ կիսամյակ գրանցվել են նաև մահվան դեպքեր, ընդ որում եղել են դեպքեր, որ խոցելի տարիքի դասախոսներ չեն եղել։ Հետևաբար կարևորելով առողջությունը և՛ ուսանողների, և՛ դասախոսների որոշում կայացրեցինք երկու շաբաթվա կտրվածքով անցնել նորից օնլայնի։ Մինչև ապրիլի 5-ը կտեսնենք, թե ինչպիսին է ընդհանուր հանրապետությունում քովիդի վարակման աստիճանը և ըստ այդմ համապատասխան որոշումները կկայացնենք», - ասաց ռեկտոր Դիանա Գալոյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 1300 դասախոսից 37-ի մոտ այս պահին հաստատված է վիրուսը, 8-ը մահացել է։ Շուրջ 8000 ուսանողներից էլ 34-ն են վարակակիր։ Սրանք այսօրվա տվյալներ են։ Բուհը որոշել է ուսումնական գործընթացը կազմակերպել հիբրիդային ձևաչափով, այսինքն՝ կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առցանց, իսկ զույգ համարով խմբերինը՝ առկա:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նշեց. «Ըստ հաստատված կարգի, կազմակերպությունն իր աշխատանքը դադարեցնում է, որ ունի ընդհանուր աշխատակիցների կամ ուսանողների 10 տոկոսից ավելին, ովքեր վարակված են կորոնավիրուսուվ։ Մեզ մոտ ընդհանուր թիվն անգամ 1 տոկոսը չի գերազանցում, ինչը այս պահին մեզ թույլ է տալիս հիբրիդային ուսուցում անցնել։ Անցել ենք հիբրիդային ուսուցման, քանի որ մեր համաճարակաբանները խորհուրդ տվեցին, որ զերծ մնանք ռիսկային գործունեությունից, անցնենք հիբրիդայինի, որպեսզի վարակը հանկարծ չտարածվի թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների շրջանում»։

Բժշկական համալսարանը շարունակելու գիտական կոնֆերանսներ կազմակերպել, հիմնական ուղերձը՝ կորոնավիրուսի հաղթահարման միակ ու անվտանգ մեթոդը պատվաստումն է։ Բուհի առաջատար մասնագետները նաև վիճակագրական տվյալների հավաքագրմամբ են զբաղված։ Ըստ դրանց՝ երեկվա դրությամբ, օրինակ, Ռուսաստանում պատվաստվել է բնակչության շուրջ 3,6 տոկոսը, Թուրքիայում՝ շուրջ 8,5, իսկ Ադրբեջանում՝ 2,5 տոկոսը։ Հարևան Իրանում քովիդի դեմ պատվաստվել է շուրջ 124 հազար մարդ, իսկ Վրաստանում՝ շուրջ 4 հազար։ Իսրայելը պատվաստել է բնակչության շուրջ 54 տոկոսին, այդ թվում՝ 70 և բարձր տարիքային խմբի բնակչության 84 տոկոսից ավելին։ Տարեսկզբից COVID-19 նոր դեպքերի թիվը Իսրայելում նվազել է շուրջ 70 տոկոսով։

Պատվաստանյութ ձեռք բերելու համար Հայաստանը երկկողմանի համաձայնություն ունի ՌԴ-ի հետ, «Սպուտնիկ V» պատվաստանյութն, ըստ պաշտոնական տվյալների, պետք է այս ամիս արդեն ներմուծված լիներ Հայաստան։ Նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս Ազգային ժողովում հայտարարել էր, որ պետության միջոցներով առայժմ 600 մարդ է պատվաստվել, դրանք են ռիսկի խմբի քաղաքացիներն ու բուժաշխատողներ։

Այսօրվա տվյալներով՝ մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1005 նոր դեպք։ Վարակակիրներից 833-ի վիճակը ծանր է, 191-ը՝ ծայրահեղ ծանր։ 65 հիվանդ էլ շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով։ Կորոնավիրուսից այսօր 18 մարդ է մահացել։

Առողջապահության նախարարության, հիվանդանոցային բաժնի պետ Լիանա Բարսեղյանն «Ազատությանն» ասաց, որ կորոնավիրուսով հիվանդներ ընդունող բուժկենտրոնների թիվն ավելացել է, դրանք այսօրվա դրությամբ 17-ն են։

Օրվա սկզբի տվյալներով վերակենդանացման բաժանմունքների 280 մահճակալից այս պահի դրությամբ ազատ է միայն 13-ը։ Ի տարբերություն նախորդ օրվա, այսօր տանը սպասող հիվանդներ չկան։

«Ժամը 9-ի դրությամբ հոսպիտալացմանը տանը սպասող պացիենտներ չունենք, Տրիաժ կենտրոնը ստացել է հոսպիտալացման ցուցումներ ունեցող 314 դեպք, և բոլորն էլ այս պահին հիվանդանոցային բուժում են ստանում։ Երեկվա դրությամբ ունեինք 17 պացիենտ, որ սպասում էին, բայց քանի որ այսօր երեք բուժհաստատություն է գործընթացին ներգրավվել, ի շնորհիվ դրա այսօրվա դրությամբ չունենք տանը սպասող», - ասաց Բարսեղյանը։

Ըստ Բարսեղյանի, վիճակն ամեն պահի կարող է փոխվել։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդության 188 հազար 446 դեպք է արձանագրվել Հայաստանում, որոնցից 170 հազար 160-ն առողջացել է, 3 հազար 434-ը` մահացել։ Կորոնավիրուսից այս պահին փաստացի բուժում է ստանում գրեթե 14 հազար մարդ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս նաև հայտարարել էր, որ Հայաստանում կրկնավարակի 300 դեպք է արձանագրվել։ Բայց որպեսզի հստակ պնդեն, որ դրանք հենց կրկնավարակի դեպքեր են, մանրամասն վերլուծություն է հարկավոր, ինչով էլ նախարարության մասնագետներն այս պահին զբաղվում են։ Նախարարի խոսքով՝ առաջիկայում կհրապարակեն այդ տվյալները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG