Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մտադիր է պայքարել 2024 թվականին վերընտրվելու համար, այս մասին նա հայտարարել է երեկ՝ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ։
«Իմ պատասխանն է՝ այո՛։ Ես պլանավորում եմ պայքարել վերընտրվելու համար», - հայտարարել է ամերիկայի 78-ամյա առաջնորդը։
65-օրյա պաշտոնավարման ընթացքում Ջո Բայդենի առաջին հանդիպումը լրագրողների հետ կազմակերպվել է սահմանափակումներով։ Համաճարակի պատճառով մամլո ասուլիսին ներկա են եղել ընդամենը մի քանի տասնյակ լրագրողներ, որոնց ընտրել է Սպիտակ տան թղթակիցների միությունը։
Նախագահը ելույթը սկսել է կորոնավիրուսի դեմ պայքարից՝ հայտարարելով, որ հաջողվել է իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ պաշտոնավարման առաջին հարյուր օրվա ընթացքում պատվաստել 100 միլիոն մարդու։
Նախագահի այդ խոստումը կառավարությունը կատարել է շուրջ երկու ամսվա ընթացքում, մինչև նշված ժամկետի ավարտը՝ ապրիլի վերջը, ինչպես հայտարարել է նախագահ Բայդենը, պատվաստված քաղաքացիների թիվ պետք է հասնի 200 միլիոնի։
«Ես աշխատանքի եմ ընդունվել խնդիրներ լուծելու, այլ ոչ թե մարդկանց բաժանելու համար», - հայտարարել է Նահանգների դեմոկրատ առաջնորդը։
Սպիտակ տան ղեկավարին ուղղված մի քանի հարցերը նաև արտաքին քաղաքականությանն էին վերաբերում՝ մասնավորապես 19 տարի շարունակ Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքի դուրսբերմանը, ինչը Բայդենի խոսքով, մինչև առաջիկա մայիսի 1-ը դժվար թե իրականություն դառնա, սակայն ընդգծել է՝ ամերիկացի զինվորականները այդ երկրում երկար չեն մնա։
Միացյալ Նահանգները Աֆղանստանում ռազմական ներկայություն է հաստատել շուրջ երկու տասնամյակ առաջ՝ Ջորջ Բուշի նախագահության օրոք՝ ոչնչացնելու «Թալիբան»-ի ռեժիմը, որն ապաստան էր տվել միջազգային ահաբեկչական խմբավորումներին: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատևական պատերազմն է:
Միացյալ Նահանգների նախագահը անդրադարձել է նաև երկրի արտաքին քաղաքական օրակարգի մյուս գլխավոր թեմային՝ Չինաստանի հետ հարաբերություններին, հայտարարելով, որ Վաշինգտոնը շարունակելու է պաշտպանել կարևորագույն սկզբունքները, ինչպիսիք են ազատությունը, մարդու իրավունքները։
Կոշտ քննադատելով Պեկինին՝ Ջո Բայդենը միևնույն ժամանակ ընդգծել է՝ Միացյալ Նահանգները ցանկանում է խուսափել առճակատումից և պատրաստ է ազնիվ մրցակցության։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այժմ վճռվում է հարցը, թե որ համակարգն է ավելի արդյունավետ՝ ժողովրդավարությունը, թե՞՝ բռնապետությունը։ Այդ համատեքստում նա անդրադարձել է Ռուսաստանին, որն, ըստ Բայդենի, այլևս դադարել է լինել կոմունիստական գաղափարախոսության վերահսկողության տակ, սակայն մնացել է որպես բռնապետություն։