Մատչելիության հղումներ

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի խաղացողը վարակվել է կորոնավիրուսով


Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը պատրաստվում է խաղին, արխիվ
Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը պատրաստվում է խաղին, արխիվ

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով:

Լուրը ստացվել է այն ժամանակ, երբ հավաքականը պատրաստվել է երեկոյան կայանալիք ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանն Իսլանդիայի հավաքականի հետ:

«Այսօր առավոտյան ստացել ենք հավաքականի մարզիկների, մարզիչների և տեխնիկական անձնակազմի երեկվա PCR ստուգման պատասխանը, դժբախտաբար, մեկ խաղացողի դեպքում այն դրական է, նրա մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չկան, բայց նա անմիջապես մեկուսացվել է»,- ասել է Գերմանիայի ազգային հավաքականի տնօրեն, նախկին աստղ Օլիվեր Բիրհոֆը:

Կորոնավիրուսով վարակված մարզիկի անունը չի հաղորդվում: Բիրհոֆի խոսքով, դա տհաճ լուր է, բայց թիմը մարտական է տրամադրված:

«Սա միակ դեպքն է, ամբողջ հավաքականը շատ կարգապահ է կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ կանոնները պահպանելու հարցում»,- ասել է թիմի տնօրենը:

Գերմանիայի հավաքականը հանդես է գալիս նախընտրական J խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG