Թե ինչու ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել ձեռք բերել Су-30СМ-ների հրթիռները, ինչու չեն կարողացել այդ անել նաև պատերազմի 44 օրերի ընթացքում, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին պարզաբանեց՝ հրթիռների ձեռքբերումը դիտարկվել է որպես ավելի երկարաժամկետ գործընթաց։
«Երբ որ ՍՈւ-երը առվել ա, դա դիտարկվել ա երկար ժամանակի գործընթաց, այսինքն՝ զինամթերքը և մնացած կարողությունները ՍՈւ-երի մասով ձեռք բերվելու, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ էր, քանց պատերազմն էր սկսել։ Եվ խնդիրները զուտ դրա մեջ էին։ Որևիցե այլ խնդիր ՍՈւ-երի հետ կապված մենք չենք ունեցել», - ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Երեկ Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց նախորդ շաբաթ օրը Օհանավանում արած իր հայտարարությունը, թե Су-30СМ-ները ձեռք են բերվել 2020 թվականի մայիսին, և կառավարությունը պարզապես չի հասցրել գնել կործանիչների հրթիռները, թեև դեռևս 2019 թվականի դեկտեմբերին վարչապետի մամուլի ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրեցին, որ հայկական Զինված ուժերը համալրվել են Су-30СМ բազմաֆունկցիոնալ կործանիչներով։
«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային Су-30СМ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ», - ասել էր Փաշինյանը։
Ռուսաստանը հրաժարվե՞լ է վաճառել Су-30СМ-ների հրթիռները
Իսկ թե պատերազմի ընթացքում՝ 44 օր, Հայաստանի կառավարությունը ինչու չի կարողացել գնել Су-30СМ-ների հրթիռները, չէ՞ որ Հայաստանը պատերազմում էր, և ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը հավանաբար տեղյակ էր ռազմական գործողություններից, հետևաբար հրթիռների ձեռքբերումը ավելի էր կարևորվում։ Կամ Ռուսաստանը պարզապես հրաժարվել է վաճառել հրթիռները։
Այս հարցերին երեկ Ազգային ժողովում չանդրադարձան ո՛չ վարչապետ Փաշինյանը, ո՛չ էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ինչ վերաբերում է Су-30СМ-ներին և իրենց հետ կապված տարբեր գնումներին, այսինքն ինքը մենակ ինքնաթիռը չի, այո, գնումների պլանով նաև նախատեսված է եղել, թե երբ պետք ա ձեռք բերվեն տվյալ ինքնաթիռի համար համապատասխան հրթիռները», - ասել էր Ավինյանը։
Արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանին վաճառել է անսարք կործանիչներ
Պատերազմից մոտ տասն օր անց՝ անցած տարվա նոյեմբերին Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը թողած, իսկ է՛լ ավելի վաղ Զինված ուժերի Գլխավոր շտաբը ղեկավարած գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը երկու օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ Су-30СМ-ները չեն կիրառվել, որովհետև Հայաստանին առաքված ռուսաստանյան բազմաֆունկցիոնալ կործանիչների երեք գործառույթներից մեկը չի աշխատում, այլապես դրանք կկիրառվեին Հայաստանում առկա սպառազինությամբ։
«ՍՈւ-30-ները կարող են նաև կրել այնպիսի հրթիռներ, որոնք առկա են մեր սպառազինությունում։ Հարց՝ ինչո՞ւ ՍՈւ-30-ները չկիրառվեցին մեր առկա սպառազինությամբ։ Սպառազինության մի քանի տեսակը չկար, բայց մնացած տեսակները, որոնք մեր բանակի ավիացիան կիրառում է, ինչո՞ւ դա չկիրառվեց։ Էս հարցի պատասխանը պիտի տա։ Եվ չճշտված տվյալներով, ՍՈւ-30-ը, բոլոր դեպքերում այս հղումը ես կատարում եմ դատախազությանը, որպեսզի ստուգեն և բացահայտեն․․․ այն երեք պարամետրերը, որ պիտի ունենա ՍՈւ-30-ը որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ, իմ ունեցած տեղեկություններով, այդ ֆունկցիաներից մեկը չունի։ Որը կարող է նաև պատճառ է հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը չի թռել։
Հարց է առաջանում՝ արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանին վաճառել է անսարք կործանիչներ։ Կարելի՞ է նման հետևության հանգել Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետի խոսքերից։
Վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանում կարճ անդրադարձավ հարցին՝ կիրառվե՞լ են Су-30СМ-ները պատերազմի ժամանակ․ - «Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունը ինչքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները»։
Նույն հարցն այսօր ուղղվեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղարին։
Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ - «Կան․․․ պայթուցիկ կարողությունների տարբեր մակարդակի հրթիռներ, և խնդիրը այն է, որ լավագույնն ունենալ, որ ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ։ Էն, ինչ մենք ունեցել ենք մինչև էդ, դրանք որոշակի սահմանափակումներ են ունեցել»։
Գրիգորյանն այսօր նաև հաստատեց օրերս արած հայտարարությունը, թե պատերազմի չորրորդ օրը զինված ուժերի Գլխավոր շտաբի այդ ժամանակվա պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ամենևին չի առաջարկել կանգնեցնել պատերազմը՝ ասելով․ - «Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա»։
Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը արած իր զգուշացման մասին հայտարարել էր ռազմական գործողությունների ավարտից հետո՝ նոյեմբերի 17-ին Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված ուղերձում։
«Ազատությանը» այսօր չհաջողվեց արձագանք ստանալ Օնիկ Գասպարյանից։