Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Հայաստանին է փոխանցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը


Մարտի 24-ին տեղի է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին փոխանցեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) չորսամսյա նախագահությունը:

Հայաստանը ԵԱՀԿ ԱՀՖ նախագահելու է 2021-ի ապրիլ-օգոստոս ամիսներին:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովումը պահանջում է համատեղ ջանքեր, կառուցողական ներգրավվածություն և երկխոսություն՝ որպես ուղենիշ սահմանելով ԵԱՀԿ հանձնառությունների անշեղ կատարումը:

Խոսելով ԵԱՀԿ ԱՀՖ Հայաստանի նախագահության գերակայությունների մասին՝ դեսպան Պապիկյանն առանձնացրել է սպառազինությունների վերահսկման, տարածաշրջանային անվտանգության այլ կազմակերպությունների հետ համագործակցության, վստահության և անվտանգության կառուցման միջոցների և ԵԱՀԿ ռազմաքաղաքական ոլորտի հանձնառությունների ու պարտավորությունների հետևողական իրագործման կարևորությունը:

Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ԵԱՀԿ հանձնառությունների և պարտավորությունների խախտումները հանգեցնում են միջազգային անվտանգության համակարգերի խարխլմանը, ռազմական ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության նվազմանը, որն իր հերթին ուղղակիորեն վտանգում է մարդու իրավունքները, մասնավորապես՝ կյանքի իրավունքը:

Շեշտվել է, որ նման մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի և դրա կառույցների արձագանքման ներուժի ամբողջական և արդյունավետ կիրառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG