Մատչելիության հղումներ

Թատրոնի միջազգային օրը 20-րդ անգամ կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը


Մարտի 27-ին ողջ թատերական աշխարհը կնշի մասնագիտական տոնը՝ Թատրոնի միջազգային օրը, որը Հայաստանում ավանդաբար նշանավորվում է ամենամյա թատերական «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ: Այս տարի այն առաջին անգամ կանցկացվի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, նաև կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Ինչպես հիշեցնում է Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, անցյալ տարի համավարակի պատճաով մրցանակաբախշությունը տեղի չունեցավ, թեև մրցութային հանձնաժողովը դիտել էր արդեն 40-ից ավելի ներկայացումներ, բայց մրցանակաբաշխությունը հետաձգվեց:

«Այս տարի մենք երկու թատերաշրջան միացրել ենք իրար։ Անցած թատերաշրջանում շատ ներկայացումներ հասկանալի պատճառներով չեղան, բայց ինչ որ եղավ, նաև դա հասցրեցինք դիտել։ Եվ արդեն հանձնաժողովը հրապարակել է «շորթ լիսթը»՝ այն աշխատանքների ցանկը, որոնք անցնում են քվեարկության և կքվեարկվեն արդեն մարտի 26-ին», - հավելեց Ղազանչյանը։

14 անվանակարգերում հաղթողների անունները հայտնի կդառնան հաջորդ օրը՝ մարտի 27-ին:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի հոբելյանական է ՝ 20-րդը, և նվիրված է Թատերական գործիչների միության երկարամյա նախագահ, անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: Հենց նրա նախաձեռնությամբ էր հիմնադրվել ամենամյա այս մրցանակաբախշությունը և այս տարվա մրցանակաբախշության համար 14 անվանակարգերին զուգահեռ նաև նրա անվամբ մրցանակ է սահմանվել: Մրցանակաբաշությունը, ինչպես նշում է Հակոբ Ղազանչյանը, տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ․ - «Բոլոր աշխատանքները արված էին դեռևս անցած տարի։ Թե՛ բեմի ձևավորման, թե՛ բոլոր տեխնիկական խնդիրները լուծված էին անցած տարի, դեռևս մարտ ամսին: Ունենք պրոդյուսեր, որը բավականին մեծ դերակատարություն ունի այս տարվա տոնակատարության [կազմակերպման գործում], այս տարվա մրցանակաբաշխության․․․ Չնայած տոնակատարություն է, դա մեր պրոֆեսիոնալ տոնն է։ Տիգրան Վիրաբյանը՝ այն ժամանակ փոխքաղաքապետ, հիմա արդեն Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր, հսկայական գործ արեց, հսկայական աշխատանք արեց, որպեսզի այս տարի մեծ շուքով մենք նշենք մեր տոնը»։

Հակոբ Ղազանչյանը շեշտում է նաև, որ անառարկելի է թատրոնի դերը նույնիսկ մեր ծանր օրերում, և հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր թատերական գործիչ իր մասնագիտական աշխատանքի գնահատականըը կարող է ակնկալել թեկուզ տարվա մեջ մեկ օր․ - «Գտնում եմ, որ մենք պետք է պատշաճ ձևով մեր տոնը նշենք։ Ես գտնում եմ, որ մեր թատերական հսկայական բանակը՝ մեր դերասանները, բեմադրիչները, ընդհանրապես ստեղծագործող և տեխնիկական անձնակազմերը հսկայական գործ են անում թատրոններում։ Համեստ, գլուխները կախ, ցածր աշխատավարձերով, բայց այնուամենայնիվ նվիրված անում են իրենց գործը և իրենք արժանի են, որպեսզի գոնե տարվա մեջ մի անգամ իրենց էլեմենտար շնորհակալություն ասվի, իրենց աշխատանքը գնահատվի։ Ես ասել և ասում եմ, որ «Արտավազդը», չնայած կոչվում է մրցանակաբաշխություն, բայց մրցույթ չի։ «Արտավազդը» հաշվետվություն է։ «Արտավազդը» ներկայացնում է անցած թատերաշրջաններում արված լավագույն աշխատանքները հանրությանը։ Մենք իրազեկում ենք հանրությանը, մենք ասում ենք, որ մենք ունենք էսպիսի թատրոններ, էսպիսի դերասաններ, էսպիսի բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ ևայլն․․․ Մի խոսքով, դա կարևոր տոն է մեզ համար, և մենք, անկախ ամեն ինչից պետք է այդ տոնը նշենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG