«Ջրային և պարենային անվտանգության խնդիրներն առաջնահերթություն են մեզ համար, և մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այդ հարցերին»,- այսօր ասել է նախագահ Արմեն Սարգսյանն՝ «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի, «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի և Environment Group ընկերության տնօրեն, բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել լսել ոլորտի խնդիրներով զբաղվող մասնագետների ու փորձագետների մտահոգությունները, կարծիքներն ու առաջարկությունները, որպեսզի նախագահական ինստիտուտը կարողանա հնարավորինս աջակցել այդ խնդիրների հանրայնացմանը, քննարկմանն ու լուծմանը:
Բնապահպանները մասնավորապես կարևորել են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, դրան ուղղված օրենսդրական ու ինստիտուցիոնալ լուծումների, կլիմայի փոփոխության հետ կապված ռեսուրսների վերագնահատման և գիտական ուսումնասիրությունների, ինչպես նաև ջրային պաշարների օգտագործման նկատմամբ վերաբերմունքի փոփոխության խնդիրները:
Նրանք մտահոգություն են հայտնել նաև ճյուղային նախարարությունների բացակայության կապակցությամբ՝ ընդգծելով, որ մի քանի ոլորտներ համակարգող միացյալ նախարարությունների պարագայում կարևոր խնդիրներն ավելի նվազ ուշադրության են արժանանում՝ տարրալուծվելով ընդհանուր խնդիրների մեջ: