Հաց չենք ուտի, դեղ չենք խմի, մինչև մեր պահանջը չկատարեք, հայտարարում են թիվ մեկ տուն-ինտերնատի մի խումբ տարեցներ, որ վաղ առավոտից բակում են, անձրևի տակ։
«Մեր պահանջն ա, որ նախարարը գա ստեղ, բացատրի խի՞ ա մեր տնօրերին հանել, դրան նշանակել, որ դա եկել ա, որ Նորքի ծերանոցը միացնի ստեղ», - ասում է տարեցներից Ռոբերտ Հայրապետյանը։
Տիկին Լիդիայի գրպանում հացադուլավոր ծերերի ցուցակն է, 19 հոգի հրաժարվել է առավոտյան շիլայից, որպես ապացույց դատարկ մաքուր ամանները պատուհանագոգին են։
Երկու օր առաջ, պայմանագրի ժամկետը լրանալու հիմնավորմամբ, աշխատանքից ազատվել է ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանը։ Նրա հետ հեռացել են անձնակազմից 14 հոգի։ Զուրաբյանն այստեղ էր 2017 թվականից, մեկ անգամ էլ ազատվել էր աշխատանքից, ապա այդ ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրամանը վիճարկել էր դատարանում, հաղթել ու վերադարձել։
Զուրաբյանի փոխարեն այսօր տուն ինտերնատում էր ժամանակավոր պաշտոնակատարը՝ Կոլյա Մակարյանը։ Նա վստահ է, որ տատիկ-պապիկներին կկարողանա համոզել դադարեցնել հացադուլը, և կապրեն բոլորով հաշտ ու համերաշխ։
Տարեցներն ասում են, որ նախկին տնօրենը քովիդի համավարակի ծանր փուլում իրենց համար թանկարժեք դեղեր է գնել, այստեղ կովիդից ոչ ոք չի մահացել, իսկ պաշտոնակատարը ծերանոց է մտել առանց նույնիսկ թեսթ հանձնելու։
Կոլյա Մակարյանը 2010-12 թվականններին Նորքի ծերանոցում է տնօրեն եղել։ Այսօր ասաց, թե տարեցներին հասկանում է, երբ ինքը հեռացավ, այնտեղ էլ լացուկոծ էր․ - «Իրանք տարեց մարդիկ են, կապվում են, սիրահարվում են»։
Տարեցների մյուս տագնապը Նորքի ծերանոցի հետ միավորման հեռանկարն է, որի մասին ուղղակի լսել են։ Նորքում շուրջ 200 տարեց է խնամվում, այստեղ՝ 210, սարսափում են այն մտքից, որ եթե միավորվեն, մի սենյակում ստիպված կլինեն ապրել 4 հոգով։
Լսել են, թե Նորքի ծերանոցը դատարկում են, որ շենքը վաճառեն։ «Բան ու գործ չունեն, էկան կպան ծերերին», - դժգոհում է Վլադիմիր Պետրոսյանը։
Ինտերնատի բնակիչները տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից պահանջում էին, որ նա հերքի այդ միավորման լուրերը և եթե պետք լինի, պայքարի դրա դեմ․ - «Թող գրավոր գրի, որ ինքը դեմ ա Նորքը միավորելուն ստեղի հետ»։
Կոլյա Մակարյանը վստահեցնում է, որ առայժմ ոչինչ չգիտի, իսկ եթե ընդհանուր, ապա՝ երբ պետությունը մի բան է անում, ուրեմն լավ բան է անում․ - «Որպես պետությանը ծառայող անձնավորություն, միշտ վստահ եմ եղել, որ յուրաքանչյուր քայլ արվում ա հանուն բարօրության, հանուն ավելի լավի, հանուն ավելի դրականի»։
Տարեցների զայրույթը խաղաղեցնելու եկավ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։ Նա համոզում էր, որ կա ոչ թե երկու ինտերնատները միավորելու, այլ ընդհանրապես իրավակազմակերպական ձևը փոխելու նախագիծ։
Ի դեպ, արդեն շրջանառության մեջ գտնվող նախագիծը թիվ մեկ տուն-ինտերնատը և Նորքի ինտերնատը միաձուլման ձևով վերակազմակերպելու և նոր խնամքի կենտրոն ստեղծելու մասին է։ Ըստ փոխնախարարի, համայնքահեն ծառայություններ են ստեղծելու, տարեցները պետք է ապրեն փոքր տներում՝ համայնքներում, միայն թե նախարարությունը առայժմ նման պատրաստի տներ չունի, երկու տուն են նորոգում հիմա։
Անպատասխան թողնելով հարցը, թե ինչով է պայմանավորված նման նախագծի գոյությունը՝ փոխնախարար Ստեփանյանը կրկնեց՝ ծերանոցները չեն միավորվելու, Նորքի շենքը չի վաճառվելու։
Տարեցները չեն հավատում։ «Մեզ պետք ա մեր ընտանիքը չխառնեք», «Էս թազա տնօրենն ասում ա լավ կլինի․․․ հենա լավ էր էլի»։
Ինտերնատի բնակիչներից ոմանք բախտակիցներին հորդորում էին դադարեցնել անհնազանդությունը, հետևել կարգուկանոնին։ Կան նաև այս ամենին պարզապես կողքից հետևողներ, օրինակ՝ Ստեփանակերտի ծերանոցից պատերազմի օրերին այստեղ տեղափոխված Վերա Գալստյանը․ - «Ոչ մի բանին չեմ մասնակցում, հիվանդ կնիկ եմ, էսօր կամ, էգուց չկամ»։
Տարեցների մի խումբ պնդում է, որ հացադուլն ու դեղադուլը չի դադարեցնելու մինչև չհամոզվեն, որ այս նոր մարդը չի եկել իրենց Նորքի ծերերի հետ միացնելու։
Իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը համոզված է, որ կրքերը կխաղաղվեն, ծերերը հաց կուտեն ու դեղ կխմեն, ինքն էլ այդ ժամանակ քովիդի թեսթ կհանձնի։