Դատարանը որոշել է վերացնել Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Նրա փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ նիստի ընթացքում միջնորդություն էի ներկայացրել Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին առհասարակ վերացնելու մասին:
«Հիմքերից մեկը հանդիսանում էր այն, որ 2020 թվականից մինչ օրս պարոն Բաբլոյանը 4 անգամ թույլտվություն էր ստացել կարճ ժամանակով մեկնելու Հայաստանից և դրանցից երեքի դեպքում մեկնել է և սահմանված ժամկետից շուտ վերադարձել։ Իսկ մեկ դեպքում, որն ի դեպ տրամադրվել էր 2020 թվականի մարտ ամսին մեկնելու վերաբերյալ և հենց Գլխավոր դատախազության կողմից՝ նախաքննության փուլում առհասարակ չէր օգտվել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։
Չնայած այս հանգամանքներին դատախազությունը ինչպես միշտ առարկեց միջնորդությանը, սակայն դատարանը իրապես իրացրեց արդարադատություն։ Իրավապահ մարմինները պետք է գիտակցեն, որ խափանման միջոցը «բոլոր դեպքերում» կիրառելու համար չէ, այն պետք է ունենա իրական հիմքեր, իսկ եթե դրանք չկան՝ պարզապես ենթակա է վերացման», - գրել է Վարդևանյանը։
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Արա Բաբլոյանի, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի առնչությամբ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա։ Նա, դիմելով գլխավոր դատախազություն, հայտարարել էր՝ 2018-ին Հանրապետական պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ կիրառելով հանցավոր սխեմաներ։ Ըստ ՀՔԾ-ի, նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չի եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ՝ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է Սահմանադրական դատարանի նախագահ: