Մատչելիության հղումներ

Մենք ուզում ենք հիմնադրամի միջոցներով լրակառուցել և ավարտել «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի» շենքը․ Դավիթ Մաթևոսյան


Դավիթ Մաթևոսյան
Դավիթ Մաթևոսյան

Երեկ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը պաշտոնական գրությամբ հրաժարվել է կառավարական մարմիննների հետ «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի» լրակառուցման, կահավորման և գործարկման երկար ժամանակ անցկացվող անարդյունավետ բանակցություններից:

Այսուհետ այս խնդիրները հիմնադրամը կփորձի լուծել ոչ կառավարական հաստատությունների, բարերարների և պարզապես մեր հանրության աջակցության շնորհիվ, քանի որ, ինչպես շեշտում է Դավիթ Մաթևոսյանը, իրենք համաձայնել են կառավարության բոլոր առաջարկներին, սակայն մինչև օրս այդպես էլ «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի» գործունեությունն ապահովելու համար որևէ քայլ չի ձեռնարկվել:

«Առաջարկվում էր, որ մենք հողամասը նվիրաբերենք Կառավարությանը, Կառավարությունը ավարտի շինարարությունը և վերադարձնի մեզ գույքը անհատույց անժամկետ օգտագործման տարբերակով։ Մեր ուսումնասիրությունները էդ նամակը գրելուց և առաջարկը պետությանը անելուց հետո բերեցին էն համոզմանը, որ պետությանը գրված էդ գրությամբ շարադրված բոլոր ենթակետերը, որոնք երաշխիքներ էին ապահովում, որ շենքը իրոք բավականաչափ սեղմ ժամկետներում կկառուցվի, կավարտվի և կսկսի որպես թանգարան գործել, Կառավարության՝ մեր ներկայացրած որոշման նախագծերում, որոնք ամառվանից մինչև դեկտեմբեր ամիսը նաև մեզ հետ քննարկվել են և շրջանառվել, որևէ կերպ որևէ կետով հնարավոր չէր լինում նորմալ այնպես ամրագրել, որ այդ երաշխիքները ստանայինք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Մաթևոսյանը։

Աբովյանի պուրակում գտնվող պետական միջոցներով կառուցված «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի» հողատարածքը պատկանում է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամին, որն էլ Կառավարության առաջարկով պատրաստ էր այն նվիրաբերել կառավարությանը:

Դավիթ Մաթևոսյանը պարզաբանեց, թե ինչու էր Կառավարությունը նման առաջարկ արել․ - «Որովհետև երբ հարց էր քննարկվում պետական թանգարան է լինելու դա, թե մասնավոր թանգարան պետական սուբսիդիաներով, իրենք պնդեցին, համոզեցին, հրաժարվեցին պետական թանգարանի գաղափարից՝ ասելով, որ իրենք նոր բիզնես մոդելների են գնում։ Ամեն ինչ այդ ծիրում էր արվում, որ դա լինի մասնավոր թանգարան, որը պետական սուբսիդիանորով աշխատում է։ Իրենց ասելով, իրենք մակաբույծ թանգարաններից, չգործող թանգարաններից հոգնել են և նոր բիզնես մոդել էին փնտրում։ Ինչն էլ մենք արեցինք։ Մեզ ասացին՝ բիզնես մոդելը էսպիսի, մենք հրաշալի գիտեինք, որ պիտի կարողանալու ենք մասնավոր գործող թանգարանի բիզնես մոդել ձևավորել, և դա արեցինք։ Հետո ասացին՝ հողամասը մեզ նվիրաբերեք, որովհետև վրայի կառույցները պիտի կառուցվեն և ինչ-որ օրենսդրական խճողումներ են եղել նախկին կառավարության օրոք, երբ շենքը կառուցվել է այդ հողամասի վրա։ Մենք դարձյալ համաձայնեցինք։ Անընդհատ կարելի է ինչ-որ էսպես բաներ ասել, հետո մեզ դիմել, որպեսզի մենք դրան էլ համաձայնենք։ Բայց մենք արդեն սկսեցինք լուրջ վտանգ տեսնել, որ ուղղակի ուզում են շենքը․․․ ովքեր են, չգիտեմ, բայց ուզում են էդ շենքը փախցնել ինչ-ինչ նկատառումներով, չտալով որևէ երաշխիք և շինարարությունն այդպես էլ չավարտելով»։

«Խնդիրը չկամությունն է», - շարունակեց Մաթևոսյանը։ - «Թանգարանի շենքը չկա որևէ քարտեզում, Կադաստրի որևէ փաստաթղթում։ Հողամասն է հիմնադրամին պատկանում, ո՛չ թանգարանի շենքը։ Թանգարանի շենքը կառուցվել է, կիսատ է մնացել և մնացել է չգրանցված որևէ տեղ, և Կառավարությունը առայսօր չի կարողանում այդ շենքը գրանցել և պատճառաբանում էր նրանով, թե իբր մենք պիտի հողամասը նվիրաբերենք, որ իրենք կարողանան շենքը կառուցել։ Այդ ամբողջ ձգձգեցին էս բոլոր երկար ու ձիգ ամիսներով, և մենք հասկացանք, որ ուղղակի հերթական հնարքն է բանեցնում՝ գործ չանելու։ Մենք ուզում ենք հիմնադրամի միջոցներով լրակառուցել և ավարտել։ Ժամկետների մասով մեծ հույսեր չունեմ, մանավանդ հետպատերազմյան ժամանակաշրջանում, բայց մենք բանակցությունների մեջ ենք տարբեր մարդկանց, մեկենասների հետ, հանրությունը բավական ակտիվ է արձագանքում, ինչպես տեսնում եք։ Գուցե կարողանանք փուլ առ փուլ ինչ-որ բաներ անել, մինչև որ ավելի լավ ու լուսավոր օրեր կգան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG