Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, փոխանցում է նախագահի աշխատակազմը:
Նրանք անդրադարձել են արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մարդասիրական խնդիրներին, մասնավորապես ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհայտ կորածների և զոհվածների աճյունների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքներին:
Քննարկվել են նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն վերաբերող խնդիրներ, մասնավորապես մտահոգություն է արտահայտվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում պատմական հուշարձանների և սրբավայրերի նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքի առնչությամբ։
Հանրապետության նախագահը և Վեհափառն անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև խոսել ազգային կարևորագույն խնդիրների ու մարտահրավերների մասին։