Մատչելիության հղումներ

«Անշնորհակալ վերաբերմունք է մեր նկատմամբ». Շտապօգնության աշխատակիցների աշխատավարձն ուշանում է


«Շտապօգնություն» ընկերության շուրջ հազար աշխատակիցներ նախորդ ամսվա աշխատավարձ չեն ստացել: Բժիշկ-կարգավար Լյուդմիլա Ահարոնովան, որ 30 տարի այստեղ է աշխատում, ասում է՝ այդպիսի բան մեկ էլ մի անգամ է եղել. «Մութ տարիներին եղել է բոլորի մոտ էլ, բայց դրանից հետո նորմալ ստանում էինք մենք»:

Ընկերությունում անընդհատ վազքի մեջ են՝ օրը շուրջ 750 կանչ են սպասարկում: Որ այս ամիս փող չեն ստացել, չէին էլ բարձրաձայնի: Բժիշկներից մեկն էր ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել, թե ամեն օր գործ ունեն իրենց կարիքն զգացող հազարից ավելի քաղաքացիների հետ, իսկ պետությունը չի գնահատում իրենց կատարած աշխատանքը:

«Ահազանգը ճիշտ է, այսօրվա դրությամբ դեռ աշխատավարձ չենք ստացել նախորդ ամսվա: Եզակի դեպք է», - ասում է «Շտապբուժօգնություն» ընկերության բժիշկ Արամ Դավթյանը: Նա հարկ է համարում շեշտել՝ աշխատանքը չի տուժում, բայց իրենք են տուժում. «Այնպես չի, որ աշխատավարձ չենք ստացել, որակը պիտի սպասարկման փոխվի, բայց արդեն մենք ենք դժգոհ»:

Ինչո՞ւ են ծանր գրաֆիկով աշխատող այս մարդիկ մնացել անփող, Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե տեխնիկական խնդիրներ են առաջացել էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում, և այդ պատճառով ֆինանսական փոխհատուցումը «Շտապօգնությանը», ուշանում է։ Նախարարությունը հուսադրում է, որ մոտ ժամանակում խննդիրը կլուծվի, երբ` չեն ասում։

«Սա ուղղակի անշնորհակալ ու նվաստացուցիչ վերաբերմունք կարող եմ ես որակել բժշկի, բուժաշխատողի նկատմամբ, իսկ հատկապես այս վերջին մեկ տարվա ընթացքում, երբ առողջապահական համակարգն ու հատկապես շտապօգնության ծառայությունը խիստ գերբեռնված է աշխատում, պլյուս պատերազմ, ինչի մեջով մենք անցանք, սա իրոք, այո, բացասական վերաբերմունք, նվաստացուցիչ վերաբերմունք եմ դիտարկում»:

Ընկերության գլխավոր հաշվապահը օրվա երկրորդ կեսին մասնակի փոխանցում կատարեց բուժանձնակազմի քարտային հաշիվներին, որպեսզի մարդիկ գոնե առաջին անհրաժեշտության ծախսեր կարողանան անել, բացատրեց Լեռնիկ Ալեքսանյանը. շտապօգնության ծառայության դեղորայքի ու բենզինի փողն է փոխանցել, մատակարարներին խնդրել սպասել. «Մեր նախկինում մնացորդներից, որով ես պիտի, ենթադրենք, բենզինին տրամադրեի, դեղորայքին տրամադրեի այդ գումարները փետրվար ամսվա, մենք այդ գումարները խնդրել ենք մեր գործընկերներին` մատակարարներին, որ ևս մի 10 օր սպասեն, այդ գումարն ուղղել ենք աշխատավարձին»:

Շտապօգնության բժիշկ, բուժքույր-կարգավարները ծանր աշխատանքի դիմաց առանձնապես մեծ փողեր չեն ստանում. բժշկի շուրջօրյա հերթապահությունը 22 հազար դրամ է գնահատվում, ամսական կարող է հերթապահել ամենաշատը 7 օր ու գիշեր: Բուժքույրերը 24 ժամ աշխատում, 12 հազար են ստանում։

Այսօր օրվա առաջին կեսին արդեն 295 կանչ էին սպասարկել, 50 հոգու տեղավորել էին հիվանդանոցներում: Սա էլ, ի դեպ, բարդ գործ է. երևանյան բուժհաստատություններում տեղ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG