Մատչելիության հղումներ

Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրը Հայաստանում կնշվի «Մագնիֆիկատի» կատարմամբ


Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը Երևանում
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը Երևանում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը առաջիկա կիրակի օրը՝ մարտի 21-ին մեր երաժշտասերներին կներկայացվի բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից Յոհան Սեբասիան Բախի հոգևոր հանճարեղ ստեղծագործություններից մեկը՝ «Մագնիֆիկատը», որը տասնյակ տարիներ Հայաստանում չէր հնչել։

Ինչպես նշում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Պապուրյանը, Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրը՝ մարտի 21-ին երաժշտական մեծ իրադարձություն է սպասում մեր հանրությանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ՝ իտալացի անվանի դիիրիժոր Ջանլուկա Մարչանոյի ղեկավարությամբ:

«Հայաստանի պետական կամերային նվագախումբը իր երկացանկում ներառելու է այս տարի բազմաթիվ մեծակտավ ստեղծագործություններ, որոնցից մեկը Բախի «Մագնիֆիկատն» է։ Բախի ծննդյան օրն է, մենք որոշեցինք, որ հենց այդ օրը պետք է կատարենք Բախ։ Բախի երկու շատ կարևոր ստեղծագործություններ ենք ներառել։ Այս ստեղծագործության կատարման համար հրավիրեցինք իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոյին, ով նմանատիպ ստեղծագործություններ կատարելու շատ մեծ փորձ ունի։ Ինքն էլ շատ մեծ սիրով համաձայնեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պապուրյանը։

Հնգաձայն երգչախմբի, նվագախմբի և մենակատարների համար գրված հոգևոր բացառիկ հզորություն և գեղեցկություն ճառագող 12 համարից բաղկացած այս ստեղծագործությունը աստվածային սիրո մի յուրատեսակ փառաբանություն է, և ինչպես ընդգծում է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոն, «Աստված ինքն է թելադրել այս ստեղծագործության նոտաները Բախին»:

«Այս ստեղծագործությունը ամբողջովին Աստծո հզորության և կատարելության փառաբանությունն է», - շարունակում է Մարչանոն՝ հավելելով, որ այս ստեղծագործությունը լավագույնս կհնչեր բարոկկո ժամանակաշրջանի երաժշտական գործիքներով, և հույս հայտնեց, որ միգուցե այս համերգից հետո մի գեղեցիկ օր Հայաստանի մշակույթի ոլորտի պատասխանատուները կգնեն այդպիսի գործիքներ, ինչպես ոչ վաղ անցյալում Վրաստանի մշակույթի նախարարության ղեկավարների հանձնարարականներով դրանք ձեռք բերվեցին։ Եվ հիմա, ասում է իտալացի դիրիժորը, Վրաստանում բարոկկո ժամանակաշրջանի երաժշտության փառատոներ են անցկացվում:

«Այսպիսի բարձրարվեստ երաժշտություն ունկնդրելու համար կարելի է գնալ նման քայլի», - հավաստիացնում է է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոն:

Հավելենք նաև, որ այս համերգի ընթացքում կհնչի նաև Բախի երգեհոնային կոնցերտը՝ Թերեզա Ոսկանյանի կատարմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG