Մատչելիության հղումներ

Շուրջ 130 զինծառայող ոտքի ու ձեռքի պրոթեզի կարիք ունի


Երկու ոտքը այս պատերազմում թողած Արարատ Թորոսյանը պետությունից միայն մի բան է ակնկալում ՝ լավ պրոթեզ, որ ոտքի կանգնի ու քայլի:

«Ինձ ուրիշ բան պետք չի, միայն լավ պրոթեզ։ Իսկ մնացածը իմ համար երկրորդական ա, առաջնայինը զուտ քայլելն ա», - ասում է նա։

Արարատը մտադիր է շարունակել կրթությունը թատերականում, կինոյի դերասան է դառնալու։

«Յուրաքանչյուր զինծառայող կունենա այն պրոթեզը, որի կարիքն ունի՝ անկախ այդ պրոթեզի գնից», - այսօր կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա տեղեկացրեց, որ առաջին փուլում արդեն գնահատել են վիրավորում ստացած զինվորների կարիքները, նաև տնային պայմաններն են նայել, որքանով են դրանք հարմար․- «Միջազգային պրոթեզարանների հետ արդեն մենք ունենք պայմանավորվածություններ, մասնավորապես եվրոպական և ամերիկյան, որտեղից ձեռք են բերվելու բոլոր անձանց համար միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ»։

Կառավարությունն այսօր հաստատեց ու կսկսի զինծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ծրագիրը։ Առայժմ 6 մարզերում կստեղծվեն «Անկախ կյանքի կենտրոններ», որտեղ տղաները ինքնուրույն կյանքի հմտություններ կստանան, նաև անձնական օգնականի, մասնագիտական կողմնորոշման ծառայություններ։ Պետությունն ընդունում է, որ երկրում բավարար միջավայր ու ծառայություններ չկան տարբեր տարիներին զինծառայության ժամանակ հաշմանդամություն ստացած շուրջ 9 հազար քաղաքացիների համար։

Վերջին՝ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածներից 472 հոգի արդեն հաշմանդամության կարգ է ստացել։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն առայժմ միակն է, որտեղ այս մարդիկ կարող են լիրաժեք վերականգնողական ծրագրերից օգտվել, պրոթեզավորվել, սնվել ու ապրել։ Կենտրոնը պետպատվեր ստանում է այս տարեսկզբից։

«Պետպատվերի գումարները փակում են վերականգնողական բուժման համար անհրաժեշտ ծախսերը, և բաց են մնում այս պահին թանկարժեք դեղորայքի և սննդի ու կեցության ծախսերը», - ասում է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի նախագահ, Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Մինասյանը շեշտում է նաև, որ թանկարժեք դեղորայքից բացի, պետության ֆինանսավորումից դուրս են մնում զինվորներին անհրաժեշտ որոշ ծառայություններ․ - «Ենթադրենք, մարդը ստացել է դիմածնոտային վիրավորում և կարիք ունի իմպլանտների։ Իմպլանտները պետպատվերի շրջանակում չեն տրամադրվում»։

Հայկուհի Մինասյանի տվյալով, այս պատերազմից հետո 114 զինծառայող ոտքի պրոթեզի կարիք ունի, իսկ 15 հոգի՝ ձեռքի․ - «Ձեռքերն էլ են լավը լինելու, ոտքերն էլ են լավը լինելու»։

Բիոնիկ գերզգայուն ձեռք, ծունկ կամ մեխանիկական ոտք՝ պետք է որոշի մասնագետը։ Աշխարհը գերթանկարժեք առաջարկներ ունի։ Նախարարությունն արդեն գնահատումն ավարտել է։

Ըստ Մինասյանի, առայժմ դժգոհության հիմքեր չպետք է լինեն, քանի որ բուն պրոթեզավորումը նոր է սկսվելու, բայց ասում է՝ չմոռանանք, որ շուրջ 700 հոգի նախորդ պատերազմներից է ամենավատ պրոթեզների հույսին․ - «Սա անարդար վերաբերմունք է։ Ինձ համար ավելի լավ է բոլորը գոնե միջին որակի պրոթեզ ստանան, քան 114 հոգի ստանա բարձրակարգ պրոթեզ, իսկ մեր մյուս զինվորները, որոնք պակաս հերոսաբար չեն վիրավորվել, ամենաէժանագին, Նոյի թվի պրոթեզներով քայլեն»։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ պրոթեզավորման ժամանակակից լաբորատորիա է գործում։ Այստեղ աշխատում է հոլանդացի պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը։ Նա ասում է՝ այս երիտասարդ տղաների համար լավ պրոթեզը հարմարավետ պրոթեզն է, և ամենակարևորը, որ պրոթեզի ու մարմնի միացումը ճշգրիտ լինի։

Առնո Ղազարյանը շուրջ երկու ամիս է ուսումնական պրոթեզներով է, սրունքները չկան։ Փորձել է անգամ մեքենա վարել, ստացվել է։ Շուտով հիմնական պրոթեզներին կանցնի, որ պատրաստել են հենց կենտրոնի լաբորատորիայում․ - «Ասում են, շատ լավն են»։

52 տարեկանում աջ ոտքի պրոթեզով մի քանի շաբաթից նոր կյանք է սկսելու Վադիմ Մկրտչյանը․ - «Պետք ա հարմարվենք»։

Պահեստազորային սպան ոտքը կորցրել է Մարտունիում, ձեռքը, գլուխը․․․ տարբեր վիարվորումներ ունի։ 7 անգամ վիրահատվել է, հաշմանդամության առաջին կարգ է ստացել։

«Ի՞նչ պիտի անի պետությունը ձեզ համար» հարցին պատասխանելիս երկար չի մտածում՝ այս անտանելի թղթաբանությունը թող վերացնեն, կարգ ստանալու համար ընտանիքի անդամները, ինքը՝ մի ոտքով այնքան են տեղից տեղ գնացել․ - «Կինս ա վազվզում, մերս ա վազվզում․․․ բայց տեղ էղել ա, ասել են՝ անձամբ պետք ա գա, տենանք։ Գնացի․․․ Էդ թղթերը շատ-շատ են․․․»

Պատերազմներից հետո առողջապահական ու սոցիալական համակարգերը ամենաարագ բարեփոխվող ոլորտներն են, ասում է Հայկուհի Մինասյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ փոփոխությունններն առայժմ էպիզոդիկ են․ կա մասնագետների խնդիր՝ սոցաշխատողներ, փորձագետներ են պետք։։ Եվ ամենակարևորը՝ հայաստանյան միջավայրը ոտքից գլուխ անհարմար է պատերազմից կես մարմնով վերադարձածների համար․ - «Տղաներից մեկի հետ իջնում ենք, որպեսզի գնանք։ Որևէ տեղ հարմար թեքահարթակ չկա, ամեն րոպե այդ մարդուն պիտի գրկես։ Երիտասարդ տղա է՝ 19 տարեկան, ինչքանո՞վ է իրեն հաճելի, որ անընդհատ իրեն գրկում են, գրկում են, որ փողոցը անցնի․․․ Եվ սրանից են սկսվում հոգեբանական խնդիրները մարդու մոտ»։

Մինասյանի խոսքով, այս պատերազմում վիրավորվածները լավագույն անհրաժեշտ բուժումը ստանան էլ, շուրջ 500 հոգի կապրի հաշմանդամությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG