Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ «քաղաքական խրամատը չի լքելու»


Կապիտուլյանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, այսօր դատարանի բակում հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ ընդգծելով՝ քաղաքական խրամատը չի լքելու։

«Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված է, լինեն նրանք Հայաստանի ներսում, թե դրսում, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ցավոք սրտի, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը։ Օր առաջ պետք է լծվել Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին, այլ ճանապարհ չկա, այլընտրանք չկա», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Նախկին նախագահն ընդգծեց՝ թեև իրենց շարքերը լքողներ եղել են, բայց այսօր ունեն մրցունակ թիմ և պայքարելու են «ազգային և ուժեղ պետության համար»։

«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքում ես ապացուցել եմ՝ ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը, սրանում կարող եք վստահ լինել», - ասաց երրորդ նախագահը՝ շարունակելով․ - «Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է, մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG