Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում արդեն սկսվել են և մի շարք բուժկենտրոնների աշխատողներ արդեն պատվաստվել են, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Թե քանի մարդ է արդեն պատվաստվել, նախարարը դժվարացավ նշել։ Նա տեղեկացրեց, որ AstraZeneca-ի պատվաստանյութ Հայաստանը դեռ չունի և որ այս պահին պատվաստումն իրականցվում է միայն Sputnik V-ով։
«Մշտադիտարկում ենք անում և կապի մեջ ենք այն անձանց հետ, ովքեր որ պատվաստվել են, հետպատվաստումային հսկողություն է իրականացվում, և մենք որևէ արտառոց դեպք՝ սուր կողմնակի երևույթ չենք գրանցել», - ասաց նախարարը՝ նշելով, որ բանակցություններն այլ պատվաստանյութեր ձեռք բերելու համար ևս շարունակվում են․ - «Մենք բանակցություններ են վարում նաև AstraZeneca-ի հետ և շարունակելու ենք վարել և մեր որոշումները կայացնելու ենք մասնագիտական միջազգային կառույցների եզրակացությունների վրա։ AstraZeneca-ով պատվաստումներն ամբողջ աշխարհով ընթանում եմ, որոշ երկրներում, որոշ խմբաքանակներ կասեցվել են։ Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք ամբողջ լրահոսին և մեր մասնագիտական խորհուրդը կապի մեջ է Առողջապահական համաշխարհային կազմակերպության հետ»։
Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներ միառժամանակ սառեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած վակցինայի կիրառումը, քանի որ գրանցվել են կողմնակի բացասական ազդեցության դեպքեր: Տարբեր երկրներում AstraZeneca-ի պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ առանձին դեպքերում նկատվել են արյունահոսություն, տրոմբոցիտների քանակի պակաս և արյան մակարդում:
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, որի գործառույթն է Եվրոպական միության տարածքում արտոնել դեղորայքի կիրառումը, հայտարարել է, որ եվրոպական 3 տասնյակ պետություններում AstraZeneca-ի վակցինա է ստացել մոտ 5 միլիոն մարդ, և միայն 30 դեպքում է արյան մակարդում գրանցվել, ինչը վիճակագրության տեսակետից չնչին ցուցանիշ է: Գործակալությունը կոչ է արել վստահել AstraZeneca-ի վակցինային։