Մատչելիության հղումներ

«Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի վերանորոգման ընթացքում ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով


Ռուսական գազը կարճ ժամանակով Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հայտարարություն տարածեց ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը, որը «Գազպրոմի» դուստր ընկերություններից մեկն և զբաղվում է գազի արտահանմամբ։

«Գազպրոմ էքսպորտ»-ը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ «Սոկար»-ը, մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են ստորագրել Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրման վերաբերյալ։

«Գազպրոմ Արմենիա»-ից այս առնչությամբ հակիրճ պատասխան ստացանք։ «Հայաստանի գազամատակարարումը իրականացվում է Կարմիր կամուրջ – Սևքար – Բերդ մայրուղային գազատարով։ Այլ մեկնաբանություն դրա վերաբերյալ չունենք։ Նորոգման աշխատանքները, ըստ հաղորդագրության, ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունն է անելու։ Ավելի ճիշտ կլինի իրենց դիմեք այդ մանրամասների համար», - «Ազատությանն» ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակից Միքայել Հարությունյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց կողմից և իրենց հետ երբևիցե նման հարց չի քննարկվել և չի քննարկվում։ Հավելյալ տեղեկությունների համար առաջարկեցին դիմել «Գազպրոմ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին։

«Գազպրոմ էքսպորտ» ընկրությունից ևս փորձեցինք մանրամասներ ճշտել։ Խնդրեցին հարցումը գրավոր ուղարկել, բանավոր մեկնաբանություն չտվեցին։

Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական գազի մատակարարումը Հայաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքների պատճառով:

Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սա Ադրբեջանին ստուգելու մի եղանակ կարող է լինել․ - «Կարծում եմ, որ այս զարգացումը հետաքրքիր փորձ կարող է լինել՝ ստուգելու համար, թե ինչքանով է Ադրբեջանը պատրաստ խաղաղ գոյակցության։ Եվ եթե այս տեխնիկական անհրաժեշտությամբ ծագած ժամանակահատվածում նա դրսևորի իրեն դրական իմաստով, ապա որևէ խնդիր չի առաջանա»։

Եթե, այդուհանդերձ, Ադրբեջանը խափանի այդ ծրագրի իրականացումը, Հայաստանը կհայտնվի ծանր, բայց ոչ կրիտիկական վիճակում, ասում է փորձագետը․ - «Կուզենամ հատուկ ընդգծել, որ Հայաստանը ստանում է ոչ միայն ռուսական գազ, այլ նաև այլ մատակարարումներ էլ են իրականացվում։ Բացի այդ, Հայաստանը ունի ստորգետնյա գազի պաշարների որոշակի ծավալ, և անգամ եթե Ադրբեջանը որոշակի առումով դադարեցնի այդ ծրագրերի իրականացումը, Հայաստանը կհաղթահարի նաև այս իրավիճակը»։

Ադրբեջանական «Սոկար» պետական ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավարը պարզաբանել է, որ ռուսական գազն Ադրբեջանի տարածքով՝ համապատասխան տարանցիկ վճարով, կփոխադրվի Վրաստան, որտեղից էլ կհասնի Հայաստան: Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչ հրաժարվել է հայտնել տարանցիկ վճարի չափը:

Իսկ «Գազպրոմ էքսպորտ»-ի հայտարարության մեջ ևս նշված է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը:

Աշխատանքները կընթանան շուրջ երեք շաբաթ, դրանց ավարտից հետո գազի փոխադրումը նախկինի պես կանցնի Ռուսաստանի և Վրաստանի տարածքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG