«Սասնա ծռեր» կուսակցությունն ու մի քանի այլ ուժեր միավորող «Ազգային ժողովրդավարական բևեռը» այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել։ Օրը պատահական ընտրված չէր, 100 տարի առաջ այս օրը քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև կնքվեց մոսկովյան պայմանագիրը, որով հիմք դրվեց ռուս-թուրքական ստատուս քվոյին տարածաշրջանում։
Այս պայմանագրի կնքումը հայոց մեծ ցեղասպանության կարևորագույն փուլերից մեկն էր՝ իր ելույթում ասաց «Սասնա ծռերի» ղեկավար անդամներից Գարեգին Չուքասզյանը. «Սույն պայմանագրով, որը բանակցվել է շուրջ մեկ տարի տևող Մոսկվայի ռուս-թուրքական երկու կոնֆերանսների ընթացքում Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության կողմից Թուրքիային նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետության օրինական տարածքի ուղիղ կեսը՝ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր՝ ներառյալ մեր ինքնության հավերժության խորհրդանիշ հանդիսացող Մասիս սարը»:
Այսօր միասին թաղելու ենք Լենին-Աթաթուրք ռուս-թուրքական ստատուս քվոյին ծառայող այդ պատը՝ այդպիսով ազգային ազատագրական պայքարի նոր փուլ սկսելով, ասաց Գարեգին Չուքասզյանը, ընդգծելով, որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների խախտումով, հետևաբար այն չէր կարող որևէ պարտավորություն ստեղծել պայմանագրի մաս չկազմող 3 կողմի համար՝ առանց վերջինի համաձայնության, չէր կարող նաև որոշել հայ-թուրքական սահմանը։
«Մեր ժամանակների հզորագույն գերտերությունը՝ ԱՄՆ-ը ինչպես արտահայտվեց նրա նորանշանակ նախագահ Բայդենը, վերադառնում է աշխարհ, ընդ որում՝ վերադառնում է մեր տարածաշրջան, այդ տարածաշրջանում արկածախնդրությամբ զբաղված երկու բռնակալներին՝ Էրդողանի Թուրքիային և Պուտինի Ռուսաստանին կրկնակի զսպման հստակ արտահայտված առաքելությամբ», - հայտարարեց «Սասնա ծռերի» անդամը:
Չուքասզյանը իր ելույթում նշեց, որ Պուտինի և Էրդողանի համար վատ լուրն այն է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի՝ Բայդենի հաղթանակից հետո Մեղրու միջանցքը բացվելու է ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայց՝ Իրան-Հայաստան-Վրաստան գծով, որին միանալու են այլ երկրներ։ Այսօրվա ԱՄՆ երբեք թույլ չի տա, որ Մեղրու դռան բանալին լինի ռուսների ձեռքին՝ հայտարարեց նա։
«Էրդողանիզմը և պուտինիզմը նահանջելու և գնալով մարելու են, այսքանից հետո ինքներդ դատեք, թե արդյոք պետք է ԱՄՆ-ին այս տարածաշրջանում նոր դաշնակից ի դեմս Հայաստանի, ուստի հարկավոր է Հայաստանից հղվող հստակ ազդակներ, որ Հայաստանը պատրաստ է և ունի ներուժ ստանձնելու իր նոր առաքելությունն այս տարածաշրջանում», - նշեց նա:
Հավաքի մասնակիցներին տեղեկացրեցին նաև, որ ստեղծում են Ազգային ժողովրդական բևեռի խորհուրդ։ Ստեղծվում է նաև խորհրդակցական մարմին՝ մեծ խորհուրդ, որի որոշամբ անդամ կարող են դառնալ իրենց հռչակագիրն ընդունող հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ և նրա գործունեությանն ակտիվ մասնակցելու ցանկություն ունեցող անձիք։
Երթից հետո հավաքի մասնակիցները պատռեցին ռուս-թուրքական պայմանագիրը և այն երթով տարան դեպի Ռուսաստանի դեսպանատուն՝ վերադարձնելով պայմանագիրը։