Գերմանիայի առողջապահության նախարարության մամուլի խոսնակն այսօր ասել է, թե սառեցվում է Covid-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը, նշելով, որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել կողմնակի հնարավոր ազդեցությունները պարզելու համար։
Ավելի վաղ եվրոպական մի քանի երկիր՝ Դանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Նորվեգիան և Նիդեռլանդները հայտարարել են բրիտանական պատվաստանյութի կիրառումը ժամանակավորապես սառեցնելու մասին` կասկածելով, որ այն արյան տրոմբներ է առաջացնում 50-ն անց պացիենտների մոտ։
Նախօրեին AstraZeneca պատվաստանյութի հեղինակները հայտարարեցին, որ պատվաստանյութն անվնաս է` վկայակոչելով Բրիտանիայում և ԵՄ տարածքում AstraZeneca-ն ընդունած 17 միլիոն մարդկանց առողջական վիճակի ուսումնասիրությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս հայտարարել էր, թե բրիտանական պավաստանյութի օգտագործման հետևանքով տրոմբների առաջացումը ապացուցված չէ, և հորդորել էր շարունակել AstraZeneca-ի կիրառումը, սակայն այսօր ԱՀԿ-ի խորհրդատվական կոմիտեն ասաց, թե ուսումնասիրում է այդ խնդիրը։