Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը դատապարտում է Մոսկվային, կոչ անում դադարեցնել հետապնդումները «անկախ հայացքներ ունեցողների դեմ»


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Ռուսաստանի իշխանություններին ու կոչ արել դադարեցնել հետապնդումները «անկախ հայացքներ ունեցողների դեմ»:

Հայտարարության նախօրեին մոսկովյան ոստիկանությունը ձերբակալել էր մոտ 200 ընդդիմադիր գործիչների, անկախ պատգամավորների ու լրագրողների, որոնք մասնակցել էին շրջանային պատգամավորների համար կազմակերպված խորհրդաժողովին: Ավելի ուշ` օրվա երկրորդ կեսին, ձերբակալվածներն ազատ են արձակվել:

«Նրանք ազատազրկվել են կասկածելի հիմնավորումներով», - գրել է պետքարտուղարը Թվիթերում:

Երեկվա զանգվածային ձերբակալությունները դատապարտել է նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը` տեղի ունեցածը որակելով «ոչ թե ուժի, այլ` թուլության նշան»: « Կրեմլը վախենում է իր ժողովրդից», - Թվիթերում գրել է սենատորը:

Խորհրդաժողովի մասնակիցները մայրաքաղաք էին եկել Ռուսաստանի տարբեր շրջաններից` քննարկելու փոխգործակցության հնարավորությունները Պետդումայի առաջիկա ընտրություններից առաջ: Միջոցառումը կազմակերպել էր բրիտանական Open Russia Civic Movement հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկված է Ռուսաստանում անցանկալի համարվող կառույցների շարքում։

«Անցանկալի կազմակերպությունների» մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է 2015-ին, դրա համաձայն՝ այդ որակումը կարող է տրվել այն օտարերկրյա կամ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին, որոնց գործունեությունը, ըստ իշխանությունների, վտանգում է Ռուսաստանի սահմանադրական կարգը, մարտունակությունը կամ անվտանգությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG