Շարունակվում է «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիան: Շարժման անդամները հավաքվել են Բաղրամյան պողոտայում՝ Նախագահական նստավայր դիմաց:
Հիշեցնենք՝ ընդդիմադիրներն այսօր առավոտյան էլ բողոքի ակցիա էին իրականացնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: Ժամը 12:30-ին նախատեսված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱԳՆ: Ցուցարարներն այնտեղ իրենց առաքելությունն ավարտված համարելով շարժվեցին Բաղրամյան պողոտա:
Ըստ ցուցարարների, Բաղրամյան 26-ում ժամը 15:00-ին նախատեսված էր վարչապետի և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը:
Նշենք՝ նախագահն այսօր հանդիպումներ է ունենալու նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին հայտարարեց՝ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրում է հանդիպման։
Երեկ՝ մարտի 12-ին նախագահի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որում ասվում էր՝ վաղը, մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի, հայտնում է նախագահի աշխատակազմը: Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից հրավերը «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն են ընդունել, «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել: