Մատչելիության հղումներ

Եթե Սյունիքի օրինակով GPS-ով սահմանազատումներ արվեն, ծանր կնստեն մեր վրա. տավուշցիներ


Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանամերձ գյուղերում ասում են՝ 90-ականների ղարաբաղյան պատերազմի արդյունքում որոշ ադրբեջանական տարածքներ հայկական կողմին են անցել, բայց շեշտում են, որ դրանք փոխանակվե՛լ են հայկական գյուղերի հետ։ Ադրբեջանն իր հերթին Հայաստանին պատկանող տարածքներ է ձեռքբերել։

Ադրբեջանի Ղազախի շրջանին սահմանակից Ոսկեպարում պնդումներ կան, թե Գեղարքունիքի մարզի 4500 բնակիչ ունեցած Արծվաշեն գյուղը 90-ականներին փոխանակվել է Ղազախի մի քանի գյուղական տարածքների հետ։ Արծվաշենն այսօր ադրբեջանցիներով է բնակեցված, իսկ հայկական դարձած Բարխուդարլուն, Սոֆուլուն, Վերին ու Ներքին Ոսկեպարներն ու ևս 3 գյուղեր Հայաստանի վերահսկողության տակ գտնվող անբնակ տարածքներ են։

Ոսկեպարի դպրոցի զինղեկ, մասնագիտությամբ պատմաբան Նվեր Բեգլարյանը շեշտում է՝ Տավուշի մարզին անցած այս գյուղերը միայն խորհրդային տարիներին են համարվել ադրբեջանական. «92 թվականին, երբ մերոնք էս գյուղերը ազատագրեցին, նրանք էլ Արծվաշենը վերցրին, ներքին կարգով փոխանակել են: Լևոն Տեր-Պետրոսյանն է ժամանակին ասել, համալսարանում հանդիպման ժամանակ, որ Արծվաշենից դասախոս ասել է՝ գյուղս տվեցի՞ր, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասել է՝ զաթո Ոսկեպարը պահեցի»:

Անցած օրերին իշխանությունները հերքեցին լուրերը, թե հնարավոր է «Ջի-Փի-Էս»-ով սահմանազատողներ հայտնվեն նաև Տավուշում, ինչը տեղի ունեցավ Սյունիքի սահմանների դեպքում։ Ոսկեպարցիները չեն ուզում անգամ մտածել դրա հավանականության մասին։ Գյուղի արոտավայր դարձած տարածքների հնարավոր կորուստը լուրջ խնդիրներ կառաջացնի առանց այն էլ դատարկված գյուղի համար, ասում է ոսկեպարցի Ֆրիդիկ Բարսեղյանը։

«Եթե տվին մեր ժողովրդից ոչ մեկ չի կարողանա անասուն պահել, մեր հողատարածքը շատ քիչ է, պլյուս դրան այստեղ ահագին անտառ ունեն, էդ անտառը կվերցնեն, ժողովրդին արդեն դժվար կլինի օգտվել», - ասաց Բարսեղյանը:

«Եթե հանկարծ Սյունիքի նման փորձ արվի ստեղ էլ նման ձևով՝ GPS-ով սահման գծվի, էս գյուղերը փաստացի կհայտնվեն շատ ավելի դժնդակ վիճակում ու չեմ էլ պատկերացնում՝ ոնց կարա ճանապարհը նրանց վերահսկողության տակ մնա», - նշեց Նվեր Բեգլարյանը:

Խոսքը Ոսկեպարի մոտով դեպի Նոյեմբերյան գնացող ճանապարհի մոտավորապես 5 կիլոմետրանոց հատվածի մասին է։ 63-ամյա Անաստասն ասում է՝ 70-ական թվականներին խորհրդային զինանշաններ էին տեղադրել Ոսկեպարին կից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Ըստ այդ սահմանի, 90-ականներին կառուցված ճանապարհի այս հատվածն էլ Ադրբեջանի տարածքում է՝ Ղազախի շրջանում։

«Էն ճանապարհն էլ ա հենա իրանց տերետորիան, ըստ գերբերի տեղադրածով, Սովետական Միության գերբերը, որ կար, այդ տերետորիան, էն ճանապարհն էլ ա իրանցը էս մոմենտին», - նշեց 63-ամյա Անաստասը:

Ոսկեպարի 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում կիսակառույցներ կան, որ 92-ին տեղանքը հայկական վերահսկողությանն անցնելուց հետո սկսել են կառուցել ու այդպես էլ տուն չեն դարձրել։ Հիմա տարածքը դիտարկվող է, տեսախցիկը երևալուն պես զգուշացնում են։

Հովիվ Թորոսը մի բանից ուրախ է՝ եկեղեցուն մոտ փշալարեր կան. անասունն արգելված տեղեր չի հասնի։ Չնայած այդ տարածքներն 90-ականներից հայկական են, բայց ադրբեջանական Ղազախ հասնելը մի քանի քայլ է, ասաց ու վազեց ոչխարի ետևից. հանկարծ դիտարկվող տարածք չհասնեն։

Նույն իրավիճակն է նաև մարզկենտրոն Իջևանին մոտ՝ Ազատամուտում ու հարևան Այգեհովիտում։ Այգեհովտցի Էդիկ Ղուկասյանի այգին ամենամոտն է Ադրբեջանի սահմանին։ Հիշում է՝ դեմ դիմաց Վազաշենի այգիները, տնկարաններն ու վարելահողերն էին, որ 60-ականներին, ադրբեջանական գյուղերը ոռոգելու համար ջրամբար դարձան. «Էն լիճը մեր հողի վրա ա սարքած, փոխել են էլի, էն լիճը վերցրել են, բայց որտեղ են հող տվել, չգիտեմ, բայց էն լիճը մեր հողի վրա ա սարքած»:

Ազատամուտցիները նմանատիպ դեպքեր շատ են հիշում։ Ասում են՝ հողն իրարից տալ-առնելը մի օրվա որոշում էր։ Դրան առանձնապես նշանակություն չէին տալիս։ Ուստի այսօր խորհրդային կագերի օրոք արված փոփոխությունների վրա հիմնվելն անմիտ են համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG