Մատչելիության հղումներ

«Հայրենիքի փրկության շարժումն» արձագանքել է նախագահի առաջարկին


«Հայրենիքի փրկության շարժումը» հայտնում է նախագահի ներկայացրած ձևաչափով և իրենց առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամություն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը:

«Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը:

Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում, հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ», - «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի հայտարարությունն ընթերցեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատել է ճգնաժամի հաղթահարման համար իրենց առաջարկած ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրեց հանդիպման՝ նախագահական նստավայրում: Նպատակը, ինչպես հայտարարել էր, առկա իրավիճակը քննարկելը և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելն է։

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին արձագանքել են նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու իշխանական «Իմ քայլն»։ Երկու ուժերն ընդունում են հանդիպման հրավերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG