Մատչելիության հղումներ

«2 ամիս օգուտ չկար, բայց արդեն գործը հունի մեջ է ընկել». Հադրութցի քույրերի փոքրիկ բիզնեսը


Հադրութից տեղահանված քույրեր Արինա և Աղավնի Ավանեսյանները փորձում են իրենց փոքրիկ բիզնեսը ստեղծել։ Մասիսում մի քանի քառակուսի մետր տարածքում արցախյան իսկական ժենգյալով հաց են պատրաստում։

«Ես չէի կարողանում պարապ մնալ, որովհետև ես աշխատասեր եմ, սիրում եմ աշխատասիրություն, էնտեղ էլ էս գործն իմն էր, քուրս էլ բիզնեսմեն ա, երեք խանութ ուներ, թողել, եկել ա», - ասաց քույրերից մեկը։

«2 ամիս բան չհասկացանք մեր գործից, ոչ մի օգուտ չկար», - ասում են քույրերը, բայց չհուսահատվելով շարունակել են աշխատել, և շուրջ 10 օր է, գործն արդեն հունի մեջ է ընկել. «2 ամիս աշխատել ենք, բանից գլուխ չենք թափել, բայց համբերել ենք, հիմա ոչինչ, դե վարձն է էստեղ ահավոր ա էլի, 50 հազար ա, լույսն ա, դե ծերը ծերին ենք հասցրել, բայց հիմա լավ ա: Հիմա արդեն գործը հունի մեջ ա: Քրոջս համոզել եմ, ասել եմ՝ արի գնանք էստեղ մի գործ անենք, ես պարապությունից կմեռնեմ»։

Արցախյան խոհանոցի անբաժանելի ուտեստներից՝ ժենգյալով հացի համար անհրաժեշտ բազմատեսակ կանաչիները քույրերը և՛ այստեղից են գնում, և՛ Արցախից բերում։ Ասում են՝ պատվերներ ունենալու դեպքում պատրաստ են մինչև ուշ գիշեր աշխատել. «Որ պատվեր լինի, մինչև իրիկուն կմնանք, կթխենք, կաշխատենք, չենք հոգնում: Տուն, տեղ չունենք, հիմա ինչ կա, սաղ թողած եկած։ Խելագարվելու բան ա էլի, ստեղծես, վերջում էլ դատարկ, 50 տարի ստեղծում ենք, վերջում էլ դատարակ: Հիմա նորից, էս հասակում ինչ անեմ ես»։

Քույրերին նախնական ֆինանսական որոշակի աջակցություն էր տրամադրել «Աջակցության միասնական տեղեկատվական ալիք» (ԱՄԻԱ) նախաձեռնությունը։ Նրանք փորձում են նաև սփյուռքից մասնագետներ ներգրավել՝ խթանելու այս փոքրիկ բիզնեսի զարգացմանը։

Իր բիզնեսը դեռ չունի, սակայն Քաշաթաղից 35-ամյա Սուրեն Քարամյանն էլ կնոջ հետ այստեղ սկսել են նոր մասնագիտություն սովորել։ Կինը՝ մատնահարդարում, ինքն էլ՝ ոսկերչություն։

«Մեր մեջ խնդիր ենք դրել, որ պետք է հասնենք մեր ուզածին, դրա համար չենք մտածում հուսահատվելու, ընկճվելու մասին», - ասաց Քարամյանը։

Կյանքը զրոյից սկսելը չի հուսահատեցնում, այլ տարբերակ չկա, ասում է Քարամյանը, կարևորը սիրով է սովորում, արդյունքը չի ուշանա. «Կարող ա նստեմ առավոտից իրիկուն նույնիսկ մոռանամ հաց ուտելու մասին, նաև երևի կարիքն ա ստիպում, որ ես ավելի շուտ սովորեմ։ Գիտակցորեն ես ամեն ինչ դրել եմ մի կողմ, որ կոնկրետ սրանով զբաղվեմ, ոչ թե իմիջայլոց, այլ մտածում եմ՝ մի անգամ իմ մոտ եկողը միշտ էլ գա իմ մոտ»:

Գործն առաջ տանելու, արդեն իր սեփական բիզնեսը ստեղծելու համար Սուրեն Քարամյանին ոսկերչական գործիքներ են անհրաժեշտ, լինելու դեպքում, ասում է՝ վաղն էլ կսկսի աշխատել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG